Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է՝ տեղեկացրել են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ըստ հաղորդագրության՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է այս մասին, ու եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի:
Հիշեցնենք, Աննա Դանիբեկյանի վարույթում է «Մարտի 1-ի» գործի դատաքննությունը: Այս գործով ամբաստանյալի աթոռին են չորս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ. Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը մեղադրվում են 2008 թ. սահմանադրական կարգը տապալելու, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար: Մարտի 17-ից այս գործով դատական նիստերը չեն կայացել՝ դատավորի վատառողջ լինելու պատճառով: