Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին հայտնեց, որ երեկ իրականացվել է 236 թեստավորում, որից դրական են եղել 28-ը։
«Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ վաղը պարետատունը կքննարկի, թե երկուշաբի օրվանից ինչ կարգավորումներ պիտի գործեն։
Վարչապետը հայտնեց նաև, որ առողջացել է ևս 24 քաղաքացի։
«Այս պահին մեր ամենամեծ մարտահրավերն այն է, որ մենք վաղվանից պիտի ստեղծենք օրը 1000 թեստի հնարավորություն։ Այսօր առավոտյան խորհրդակցություն ենք ունեցել։ Առաջին փուլում հնարավոր է, որ այդ թեստերի փուլը 1000-ի չհասնի, որովհետև պետք է ցուցում լինի։ Վաղվանից մենք ցուցումով մարդկանց, մասնավորապես՝ բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդ բոլոր քաղաքացիներին, այլ վիրուսային հիվանդություն ունեցող մեր բոլոր քաղաքացիներին պարտադիր կթեստավորենք և ավելի ամբողջական պատկերացում կկազմենք ընթացիկ իրավիճակից։ Չնայած վերջին օրերի քննարկումները մեզ բերում են այնպիսի եզրակացության, որ մենք ընդհանուր առամամբ արդեն տիրապետում ենք իրավիճակին»,- նշեց վարչապետը։
Վարչապետը նաև նշեց, որ կատարվաճ ճշտգրտումների արդյունքում հայտնաբերվել է 12 անճշտություն, ընդհանուր թվի հաշվառման առումով Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 921 դեպք։