Հակաճգնաժամային 9 միջոցառումներն արդեն հերթով սկսում են գործել,- կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, այժմ հակաճգնաժամային միջոցառումների համար արդեն բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ։
«Այս թիվը մեր նախատեսածի 10-ը տոկոսից էլ պակաս է։ Նկատի ունեմ՝ ընթացքում կլրացվի։ Կառավարությունն արդեն հրապարակել է այն էլեկտրոնային պատուհանը, որով քաղաքացիները կարող են ստուգել՝ արդյոք տվյալ սոցիալական ծրագրերի շահառո՞ւ են, թե՞ ոչ։ Այս օրերին բազմաթիվ շահառուներ իրենց անունները չեն գտել, բայց ուզում եմ ասել, որ ամենօրյա ռեժիմով մենք թարմացնում ենք տվյալները։ Ամենաուշը հաջորդ շաբաթվա սկզբին կամբողջանա, և աջակցության փաթեթները հասանելի կլինեն բոլոր շահառու քաղաքացիներին»,-ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանի բանկերը շուրջ 290 հազար քաղաքացիների տվել են վարկային արձակուրդ՝ 9,3 մլրդ դրամի չափով։ Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձանց՝ 15,4 մլրդ դրամի չափով։
«Այս որոշումները կայացվել են Կառավարության կողմից առանց որևէ վարչական ներգործության։ Սա նշանակում է, որ այդ համակարգը վստահություն ունի Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ, և սրա մասին վկայում է նաև շուկայում տեղի ունեցող գործընթացները։ Մի քանի օրվա որոշակի լարվածությունից հետո արտարժույթի շուկան, բանկային համակարգը գտնվում են հանդարտ վիճակում։ Վերջին օրերին բանկային ավանդների աճի որոշակի միտում է նկատվում։
Կան տեսանելի դեպքեր, երբ քաղաքացիների կողմից դոլարային ավանդները փոխակերպվում են դրամային ավանդների, ինչը ամենավառ ապացույցն է, որ Կառավարության հակաճգնաժամային քաղաքականության նկատմամաբ կա վստահություն»,- ընդգծեց վարչապետը։