Կառավարության նիստում քննարկվեց և ընդունվեց 2020 թվականի բյուջեում վերաբաշխում կատարելու հարցը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ նախագծի նպատակն է աջակցել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային երկրորդ ծրագրի շրջանակում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Corsan Corviam Construccion ընկերության միջև կնքված պայմանագրի շահառուներին։ Ասաց, որ նրանք այդ ընկերության հանդեպ դրամական պահանջներ ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր են։
«Նրանց Corsan Corviam Construccion ընկերությունը ծրագրի շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց 2018 թվականի վերջից չի վճարել։ Արդյուքնում պարտատերերը հայտնվել են ֆինանսական ծանր կացության մեջ։ Նախագծով նախատեսվում է հաստատել բյուջետային վարկի տրամադրման պայմանագրի ձևը և պարտատեր 28 ընկերությունների ցանկը, ըստ յուրաքանչյուրի ունեցած դրամական պահանջի չափի»,- ասաց Պապիկյանը։
Նախարարը նաև նշեց, որ ընդհանուր գումարը կազմում է 2 միլիարդ 228 միլիոն 549,216 դրամ։ Այն բյուջետային վարկ է՝ 5 տարի ժամկետով և 0,01 տոկոսադրույքով։ Իսպանական այդ ընկերությունը չի վճարել հայաստանյան կապալառուներին և կառավարությունն իր աջակցությունն է ցույց տալիս տեղական կապալառուներին, որպեսզի կարողանան վերականգնել իրենց վիճակը։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ նշեց, որ կարող են նաև հետաքրքրվել, այդ դրվագի հետ կապված հարուցված է քրեական գործ, որի նախաքննությունն ընթանում է:
ՀՀ գլխավոր դատախազն ասաց, որ ցանկից համադրվեն տվյալներ, թե մինչև այսօր քրեական գործի ապացույցներով ունի՞ որևէ կազմակերպության ղեկավարներից որևէ մեկը կարգավիճակ և վնասները հիմնավորվա՞ծ են այդ կազմակերպության կողմից թե՝ ոչ։