Ֆրանսիայում ավելի քան 10 հազար մարդ դարձել է կորոնավիրուսային պանդեմիայի զոհ, այդ թվում՝ տուն-ինտերնատների 3 հազար բնակիչներ: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսով զոհերի թիվն աճել է 1427-ով. 607 հիվանդ մահացել է հիվանդանոցներում, 820-ը՝ ծերանոցներում: Այս տվյալները տրամադրել են առողջապահության ազգային վարչությունից:
Պաշտոնական թվերի համաձայն՝ Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 78 հազար դեպք: Համաճարակի սկզբից COVID-19-ից բուժվել և հիվանդանոցից դուրս է գրվել մոտ 19 հազար հիվանդ: Այժմ բուժհաստատություններում ավելի քան 30 հազար վարակված կա: Ավելի քան յոթ հազարը ստանում է ինտենսիվ թերապիա, ընդ որում՝ մոտ հարյուր հիվանդ մինչև 30 տարեկան է:
Առողջապահության ազգային վարչություն ղեկավար Ժերոմ Սալոմոնը նշել է, որ համաճարակը գագաթնակետին դեռ չի հասել, և իրավիճակը կվատթարանա: Վարչապետ Էդուարդ Ֆիլիպն էլ զգուշացրել է, որ կերկարաձգվեն մեկուսացման միջոցառումները: