Օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակ էր հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահին՝ բարձր էր գնահատելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Չինաստանի արձանագրած առաջընթացը:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ Սի Ծինփինը պատասխան նամակում շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին և համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամություն հայտնել:
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և Չինաստանի ժողովրդի անունից անկեղծ աջակցությունս ու համերաշխությունս եմ հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Հայաստանի ժողովրդին, բոլոր հիվանդներին մաղթում շուտափույթ ապաքինում:
Չինական կողմը վճռականորեն պաշտպանում է կորոնովիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանի ջանքերն ու պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել:
Չինաստանն ու Հայաստանը բարեկամական գործընկերություն և համագործակցություն ունեցող երկրներ են: Առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել մեր երկու երկրների առողջապահական ոլորտներում համագործակցության ամրապնդման համար՝ համատեղ պաշտպանելով մեր երկրների ժողովուրդների կյանքն ու առողջությունը»,- մասնավորապես ասվում է Սի Ծինփինի՝ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված նամակում:
Նախագահ Սարգսյանն առաջիկայում մտադիր է շարունակել քննարկումները և երկխոսությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի հետ: