Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչները, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացած են:
Վարակված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն, ներկա պահին անհանգստացնող բան չկա:
Առողջապահության նախարարությունից ինքնամեկուսացած քաղաքացիների վերաբերյալ հաղորդում են, որ նրանցից որևէ մեկը վարակին հատուկ ախտանիշներ չունի, նրանց առողջական վիճակը շուրջօրյա վերահսկվում է բժիշկների կողմից:
«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Միրիկ գյուղի բնակիչներին ախտահանիչ նյութեր և հիգենիայի պարագաներ է բաժանվել: Առողջապահության նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ այս պահին բուժհաստատություններում Միրիկ գյուղի կամ մեկ այլ դեպքով մեկուսացված քաղաքացիներ չկան:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ են անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված՝ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: