Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը ներկայացրեց կորոնավիրուսի դեմ պայքարում կիրառվող թվային գործիքների մասին։ Նա տեղեկացրեց, որ հիմնական գործիքները կիրառվում են հիվանդի հետ ունեցած շփումների շրջանակը պարզելու համար։ Այդ նպատակով հիմնականում օգտագործվում են բջջային օպերատորների տրամադրած տվյալները։
«Մեր կողմից հարցում է իրականացվում, և տրամադրվում է միայն հիվանդի հետ շփում ունեցող կամ առնչված անձանց վերաբերյալ տվյալները։ Տվյալները հավաքագրվում են, մշակվում ԷԿԵՆԳ կազմակերպության սերվերում, և դրանք հասանելի են միայն այդ համակարգով աշխատող անձանց համար։ Ցուցակը կազմելուց հետո դրանք համադրվում են նաև արդեն բժիշկների իրականացրած հարցազրույցներով պարզված շփման շրջանակի հետ։ Հավելյալ մասով իրականացվում է լրացուցիչ հարցազրույց»,- ասաց Բադալյանը։
Փոխվարչապետի խորհրդականը տեղեկացրեց, որ այն անձինք, որոնք, պարզվում է, ֆիզիկապես շփում են ունեցել հիվանդի հետ, ևս ինքնամեկուսացվում են։
Նա ներկայացրեց նաև ինքնամեկուսացած անձանց հետ իրականացվող մի գործողությունները։ Նշեց, որ հիվանդի առողջական վիճակի մասին պարբերաբար տեղեկատվություն է հավաքվում։ Նաև՝ սննդի վերաբերյալ տվյալներ են հավաքագրվում: Եթե անհրաժեշտություն է առաջանում սնունդ տրամադրելու, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով այդ տվյալները փոխանցվում են, և սնունդը մատակարարվում է։
Բադալյանը տեղեկացրեց նաև, որ պարբերաբար հաղորդագրություն են ուղարկում ինքնամեկուսացած անձանց։ Նրանք հաղորդագրության մեջ եղած հղումով անցնում են և պատասխանում առողջական հարցերի, ինքնալուսանկարվում են, որպեսզի հավաստիացնեն, որ ինքնամեկուսացած անձ են։ Այդ ընթացքում նաև հավաքագրվում է տեղեկատվություն իրենց գտնվելու վայրի մասին, որով հավաստիանում են, որ իրենք չեն լքել մեկուսացման վայրը։ Այդ հաղորդագրությունները օրվա ընթացքում ուղարկվում են մի քանի անգամ։
«Վերահսկվում է նաև ինքնամեկուսացած անձանց գտնվելու վայրը։ Եթե անձը լքում է մեկուսացման վայրը՝ ավտոմատ համակարգն այդ հաղորդագրությունը փոխանցում է ՀՀ ոստիկանություն։ Ոստիկանությունն ուղարկում է համապատասխան ստորաբաժանումներին մեկուսացման հասցե՝ պարզելու՝ տեխնիկական խնդի՞ր էր, թե՞ անձը լքել է տվյալ վայրը։ Եթե անձը լքել է, ապա ենթարկում են վարչական տույժի։ Եթե երևույթը մի քանի անգամ կրկնվի, ապա այդ քաղաքացիներն արդեն կարող են տեղափոխվել մեկուսացման վայր»։
Խորհրդականը նաև իրազեկեց, որ կարճ հաղորդագրության միջոցով, երբ առողջական վիճակի մասին տեղեկատվությունը հավաքվում է, հնարավոր վարակ ունեցող քաղաքացիների տվյալները փոխանցվում են պարետատանը գործող մեկ այլ խումբ անձանց։ Նրանք առողջապահության նախարարության աշխատակիցներն են, որոնք զանգահարում են կարմիր գոտում հայտնված մարդկանց և հարցազրույց անցկացնում։ Եթե ի հայտ է գալիս, որ իրոք տվյալ անձի մոտ առկա են ախտանիշներ, ապա այդ տվյալները փոխանցվում է Առողջապահության նախարարություն՝ թեստավորում իրականացնելու համար։