Կորոնավիրուսի սրընթաց տարածման հետևանքով աշխարհի տարբեր երկրների ուսումնական հաստատությունները բախվում են դժվարությունների և փորձում են նոր ճանապարհներ գտնել առկա մարտահրավերներին դիմակայելու համար: Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) դասապրոցեսում մեծ տեղ է գրավում նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը, ինչն էլ մեծապես նպաստել է հեռավար ուսուցմանն արագ անցում կատարելուն:
ՀԱՀ համայնքին միշտ հասանելի են եղել ՀԲԸՄ Փափազյան գրադարանի էլեկտրոնային ամսագրերն ու գրքերը, իսկ ուսանողներին՝ գրադարանի էլեկտրոնային ֆոնդի վաթսուն տոկոսը: Ավելին՝ համալսարանի լսարանային դասընթացներին զուգահեռ արդեն մի քանի տարի է՝ գործում է Moodle առցանց հարթակը: Հետևաբար, միայն մի քանի փոփոխություն կատարելը բավարար էր հեռավար ուսուցման անխափան ընթացքն ապահովելու համար: Մարտի 13-ին անցկացվեց հեռավար դասավանդման կազմակերպման վերաբերյալ առցանց դասընթաց, որին մասնակցեց ՀԱՀ-ի ավելի քան ութսուն դասախոս: Սկսած մարտի 16-ից՝ ՀԱՀ-ի ուսումնական ամբողջ գործունեությունը անցում կատարեց առցանց հարթակների՝ Moodle-ի, ինչպես նաև նոր ներմուծված Zoom-ի։
«Շատ հաճելի էր տեսնել, թե մեր դասերը որքան արագ տեղափոխվեցին առցանց հարթակներ: Հեռավար ուսուցումը նույնքան արդյունավետ է, որքան լսարանային դասընթացները: Չնայած կարոտում եմ ընկերներիս, ես ուրախ եմ շարունակել իմ կրթությունն առցանց՝ միևնույն ժամանակ պահպանելով սոցիալական հեռավորություն հանրության ապահովության համար», - նշում է Ճարտարագիտության բակալավրի ուսանող Ամարաս Մեհրաբին:
ՀԱՀ-ի ուսանողներն արդեն հարմարվել են իրենց հեռավար դասերին և սահուն առաջընթաց են գրանցում կիսամյակի ընթացքում: Բակալավրիատի բիզնեսի մասնագիտությամբ ուսանող Ռաֆայել Ավագյանը պատմում է իր փարձառության մասին. «Մենք հիմա էլ կարող ենք ձեռք բարձրացնել և հարցեր տալ: Զեկույցները կարելի է դիտել մեծ էկրանով կամ էկրանի մի կողմում՝ մյուս կողմում միաժամանակ տեղեկատվություն փնտրելով: Դասախոսները կարող են դիմել ուսանողներին և հարցեր տալ»:
Հեռավար ուսուցման առավելություններն ու մարտահրավերները
Նոր արժեքավոր գործիքներից զատ, որոնք անհրաժեշտ են այս փոփոխությունները լավագույնս կառավարելու համար, առցանց կրթությունը մեզ ընձեռում է նաև մի շարք այլ հնարավորություններ: Տանից հարմարավետ և ապահով պայմաններում սովորելը այս ժամանակահատվածում կարող է հաճելի և եզակի փորձառություն լինել ուսանողների համար: Սակայն, առցանց դասընթացներին արագ անցումը թե՛ դասախոսներին, թե՛ ուսանողներին նաև մարտահրավերների առջև է կանգնեցնում: Դժվար է ուսանողներին հեռավար ուսուցման ընթացքում լիովին ներգրավված պահելը, հատկապես, երբ տան միջավայրը կարող է տրամադրող չլինել ուսումնառության համար:
«ՀԱՀ-ի ղեկավար կազմի, դասախոսների և աշխատակիցների նվիրվածությունը, ստեղծարարությունը և նորարարական մոտեցումները հիմնարար դեր են խաղում այս մարտահրավերը հաղթահարելու գործում», - նշում է Համակարգչային գիտության բակալավր ծրագրի ղեկավար Դր. Հայկ Ներսիսյանը:
ՀԱՀ-ի ուսանողների համար ամենամեծ մտահոգությունը սոցիալական մեկուսացումն է: Երկխոսություններն ու մարդկային շփումը պահպանելու նպատակով անցկացվում են առցանց քննարկումներ, ինչպես նաև կիրառվում են այլ մեխանիզմներ, որոնք, սակայն, չեն կարող լիովին կրկնօրինակել լսարանային շփման փորձը: ՀԱՀ Խորհրդատվական ծառայությունների կողմից անցկացվող առցանց դասընթացների հետ համատեղ, Համալսարանը կկազմակերպի նաև մի շարք այլ միջոցառումներ, որոնք կօգնեն ուսանողներին, դասախոսական կազմին և աշխատակիցներին հաղթահարել սոցիալական հեռավորության և մեկուսացման արդյունքում առաջացած խնդիրները:
Ներկայիս ազգային և գլոբալ առողջապահական ճգնաժամի հաղթահարումը դժվար կլինի, սակայն դասավանդման ստեղծարար մոտեցումների շնորհիվ ՀԱՀ-ն առաջ է ընթանում: Ի հավելումն համալսարանի և ՀԱՀ շարունական կրթության բաժնի կողմից առաջարկվող առցանց դասընթացների՝ ուսանողներին, դասախոսական կազմին և աշխատակիցներին առցանց հասանելի են նաև համալսարանի այլ ծառայությունները: ՀԱՀ-ը հավատարիմ է մնում արտակարգ իրավիճակի ընթացքում իր աշխատակիցների աշխատավարձը 100 տոկոսով պահպանելու և մեր համայնքի անդամներին աջակցելու իր որոշմանը: Մեր Հոգաբարձուների խորհրդի, դոնորների, դասախոսական կազմի և աշխատակիցների մեծ ջանքերի շնորհիվ է, որ ՀԱՀ-ը կարողանում է ապահովել ուսուցման շարունակականությունն այս դժվարին պահին: Հավատարիմ մնալով ՀԱՀ առաքելությանն ու տեսլականին՝ մեր համայնքը հաջողությամբ կհաղթահարի կորոնավիրուսի պանդեմիայի այս բարդ ժամանակահատվածը՝ առաջնահերթություն տալով ուսանողների բարեկեցությանն ու ուսումնական առաջադիմությանը: