Երեկվանից Հայաստանում գործում է հեռախոսների միջոցով մարդկանց տեղորոշելու համակարգը,- Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ասուլիսի ժամանակ նշեց Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը: Նրա խոսքով ինքնամեկուսացածներ դեռ չկան։
«Այսօր մենք կունենանք ինքնամեկուսացած մարդկանց ցանկ։ Համաձայն օրենքի և Կառավարության որոշման՝ տվյալները ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից հետո երեքշաբաթյա ժամկետում համապատասխան կարգով, որին ներգրավված են լինելու բոլոր այն կառույցները, որոնք ներգրավված են եղել այս համակարգի գործածման փուլում։ Կառավարությունը դիմելու է ԱԺ խմբակցություններին՝ մասնակցելու տվյալների ոչնչացմանը։ Այդ տվյալների ոչնչացումը լինելու է նաև ֆիզիկապես՝ այդ սերվերների ֆիզիկական ոչնչացման եղանակով»,- նշեց Բագրատ Բադալյանը։
Բադալյանը տեղեկացրեց, որ քաղաքացիները դրական են վերաբերվում համակարգին, մոտ 100 քաղաքացու հետ արդեն շփվել են, խնդիրներ դեռ չեն առաջացել։ Հայկական հնարամտությունը գործի դնելու և համակարգի հսկողությունից փախչելու տարբերակ գտնելը հեշտ չէ՝ ընդգծեց Բադալյանը։
Նրա խոսքով կա վերահսկողության երկու տարբերակ։
«Կա վերահսկողության երկու համակարգ։ Առաջինը՝ բջջային օպերատորների օգնությամբ։ Եթե լիներ միայն այդ համակարգը, անձը կարող էր հեռախոսը թողնել տանն ու գնալ շրջել։ Սակայն երկրորդ եղանակը, որը կարճ հաղորդագրության միջոցով է իրականացվում, ստիպում է անձին ինքնալուսանկարվել, և այն գալիս է ոչ թե պարբերական սկզբունքով, այլ տարբեր ժամանակացույցով և ինքնամեկուսացած անձը չգիտի՝ հաջորդ հաղորդագրությունը երբ է գալու»,- պարզաբանեց Բագրատ Բադալյանը։