Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրավիրած մամուլի ասուլիսում նշեց, որ թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման վերաբերյալ իրենց կոչերը լավ արձագանքներ ենք ստացել։
«280-ից ավելի նամակներ են եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Դրանք արդեն ուսումնասիրվել և դասակարգվել են վերջին երկու օրվա ընթացքում։ Կարող ենք արձանագրել, որ տարբեր տեղերից հայտնաբերված և տրամադրված 10 սարք ունենք այս պահին, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման։ Անհրաժեշտության դեպքում դա կտրամադրվի Առողջապահության նախարարությանը»,- ասաց նախարարը։
Հակոբ Արշակյանը տեղեկացրեց նաև, որ ամեն օր զանգեր ու նամակներ են ստանում չշահագործվող սարքերի մասին, որոնք տրամադրվում են ինժեներական ասոցիացիային։ Այնտեղ սարքերը վերանորոգվում են և դառնում աշխատանքային։ Նախարարի խոսքով՝ սարքերին վերաբերող նամակներ նախարարությունն ստանում է նաև տարբեր երկրներում ապրող հայերից։