Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում հայտնեց, որ բաց մրցույթ է հայտարարվել՝ կորոնավիրուսի հետևանքները զսպող, բացասական արդյունքները չեզոքացնող բնույթի, 2 միլիոն, 3, 5, և 10 միլիոն դրամ ֆինասավորմամբ։
«Մասնակիցներն իրենք են ընտրում, թե որ ֆինանսական միջոցով կարող են իրականացնել իրենց նախագիծը։ 133 հայտ ենք ստացել, որոնցից 37-ը գաղափարի փուլում են, 59-ն արդեն մշակման փուլում են, 37-ը կիրառման փուլում են։ Այդ հավելվածները և լուծումները մեկուսացման մեջ գտնվող մարդկանց տեղաշարժի վերահսկողության, ծերերի և ռիսկային խմբերում գտնվող մարդկանց խնամքի և օգնության և այլ ուղղություններով են»,- նշեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը՝ հավելելով, որ առաջարկներ են եղել նաև առևտրի հարթակների և առցանց հավելվածների մասով։
Նախախարը նշեց, որ հաղթողները հայտնի կդառնան առաջիկա երկու օրվա ընթացքում։
Էլեկտրոնային առևտրի մասին խոսելիս նախարարը նշեց, որ արդյունքներից գոհ է, գրեթե եռապատկված ցուցանիշ կա։
«Մենք տվյալներ ենք ստանում էլեկտրոնային առևտրի տարբեր հարթակներից, և կարելի է ասել, որ գրեթե եռապատկվել է ամբողջ շրջանառությունը։ Սա խոսում է այն մասին, որ մեկուսացման շրջանակում նաև մեր օնլայն հարթակները և օնլայն տեխնոլոգիաներ կիրառող առևտրականները կարողանում են իրենց առևտուրը կազմակերպել։ Նաև օնլայն դրամական միջոցների շրջանառությունն է բազմապատկվել։ Սա դրական տեղաշարժ է, և այն հնարավորությունները, որոնց մասին խոսում էինք՝ անկանխիկ առևտրի, օնլայն առևտրի, հավելյալ խթան է։ Կարծում եմ, որ դա հետագայում Հայաստանի տնտեսությանը թե՛ թափանցիկության առումով, թե՛ հարմարավետության, թե՛ տարածքների համաչափ զարգացման առումով օգտակար կլինի»,- նշեց նախարար Արշակյանը։