Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
«Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ: Նախարար Զարիֆը Իրանի կառավարության անունից ցավակցություն հայտնեց իր գործընկերոջը՝ կորոնավիրուսի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց հայ ժողովրդին:
ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից համավարակի տարածման դեմ արդյունավետ պայքարելու ուղղությամբ գործադրվող ջանքերը և բարձր գնահատեց Իրանի կողմից արտահայտված զորակցությունը: Անդրադարձ կատարվեց կորոնավիրուսի դեմ համընդհանուր պայքարին և ստեղծված պայմաններում հայ-իրանական համագործակցությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի»,- տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: