Ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիաընկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան երկու չվերթերով Հայաստան են վերադարձել ՌԴ-ում գտնվող չորս հարյուրից ավելի ՀՀ քաղաքացիներ՝ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիներից ոմանց մոտ ստեղծված ֆինանսական դրությունը՝ ավելի քան 150 հոգու հնարավոր է եղել ապահովել անվճար տոմսերով: Մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ քաղաքացիների համար ուղետոմսեր ձեռք բերելու հարցում աջակցություն ցուցաբերած մեր բոլոր հայրենակիցներին:
Ընդգծենք, որ վերոնշյալ թռիչքներով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:
Մոտ երկու հարյուր ՀՀ քաղաքացի, ովքեր չեն կարողացել մեկնել վերոնշյալ չվերթով, դեսպանության համակարգմամբ տեղավորվել են չորս հյուրանոցում: Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի հրաժարվեցին տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում»,- ասված է հայտարարության մեջ: