Արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ նախանշվել են կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը ՔԿՀ-ներ կանխելուն միտված մի շարք միջոցառումներ՝ հայտնում են արդարադատության նախարարությունից։
Դրանց շրջանակում արգելվել են տեսակցությունները (բացառությամբ տեսազանգի, որպեսզի երաշխավորվեն արտաքին աշխարհի հետ կապը և սահմանափակումը լինի նվազ միջամտող), հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը, կրոնական ծեսերը՝ հաշվի առնելով վերջիններիս ժամանակ անձանց շփումը: Այսինքն՝ նվազագույնի է հասցվել այլ անձանց մուտքը ՔԿՀ-ներ` այսպիսով նվազեցնելով նաև COVID19 -ի ներթափանցման հավանականությունը:
Այդ նպատակով արդարադատության նախարարությունը առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է նաև բազմաբնույթ կանխարգելիչ այլ միջոցառումներ։
Մասնավորապես՝
· ՔԿՀ բնակելի գոտիներում և վարչական մասնաշենքերում իրականացվում է ախտահանիչ նյութով սանիտարահիգիենիկ մշակում.
· ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում` ջերմաչափման և արտաքին զննման աշխատանքներ, առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները և կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման և ախտորոշիչ հետազոտման: Ջերմաչափման են ենթարկվում նաև քրեակատարողական ծառայողները:
· ազատությունից զրկված անձանց տեղաշարժի դեպքում նրանց և նրանց ուղեկցող անձնակազմին տրամադրվում են դիմակներ, ձեռնոցներ.
· ազատությունից զրկված անձանց տրամադրվում են անձնական հիգիենայի պարագաներ:
Ազատությունից զրկված անձանց, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների ծառայողների և աշխատակիցների շրջանում պարբերական բնույթ են կրում նաև նոր կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների, ինչպես նաև չվարակվելու համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին իրազեկման աշխատանքները։ Իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով՝
1) Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ուղեցույց մշակելու և այն աշխատակիցներին տրամադրելու վերաբերյալ.
2) Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և արդարադատության նախարարության կողմից համատեղ մշակվել և քրեակատարողական հիմնարկներին են հատկացվել իրազեկման թերթիկներ, որոնք բազմալեզու են.
3) ՀՀ առողջապահության նախարարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժանձնակազմի համար էլեկտրոնային հաղորդակցության եղանակներով իրականացվել և շարունակում են իրականացվել վերապատրաստումներ:
Նշվածից զատ, քրեակատարողական հիմնարկներում նոր կորոնավիրուսային հիվանդության ախտանշաններ ունեցող ազատությունից զրկված անձանց մեկուսացման համար առանձնացվել են առնվազն 1-ական խցեր։ Երկարաձգվել է կարանտինային բաժնում պահելու օրերի թիվը՝ 7-ից դարձնելով 14 (հիվանդացության նշանների բացահայտման հնարավոր օրերի թվով):
Հնարավոր հիվանդների մեկուսացման նպատակով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկու մասնաշենքերի շքամուտքում հրատապ կարգով կառուցել վարակազերծման և ախտահանման համար նախատեսված նախասրահ: Բացի այդ, նախատեսվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերը (սկզբնական շրջանում` երկուսը, իսկ վատագույն սցենարի դեպքում` բոլոր մասնաշենքերը) հատկացնել առավել ռիսկային համարվող ազատազրկվածներին և հիվանդներին` մյուսներից անջատ պահելու համար։ Կատարված աշխատանքների արդյունքում ներկայումս ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տուբերկուլոզային և նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջությամբ դատարկ են և կարող են օգտագործվել բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի: Առանձնացված 2 մասնաշենքերը միասին ունեն մինչև 150 մահճակալային ֆոնդ:
Կանխարգելիչ բնույթի միջոցառումների իրականացման նկատմամբ խիստ հսկողություն սահմանելու նպատակով արդարադատության նախարարի կողմից պարբերաբար տրվում են ցուցումներ: Բացի այդ, ՔԿՀ-ներում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, կարևորելով քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման ուղղությամբ պետության ստանձնած պարտավորությունները, ապրիլի 2-ին նախարար Բադասյանը գրությամբ դիմել էր իրավապահ մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում մեր ջանքերը մեկտեղելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով: Նշենք, որ մարտի 16-31-ը պատժից ազատվել է 18 դատապարտյալ (1-ը՝ ծանր հիվանդության հիմքով, 6-ը՝ պայմանական վաղաժամկետ, 1-ի պատիժը ազատազրկումից փոխարինվել է հանրային աշխատանքով, 10-ը՝ պատիժը լրիվ կրելով), իսկ կալանքից՝ 40 անձ: Ապրիլի 1-ից հետո պատժից ազատվել է 11 դատապարտյալ (8-ը՝ պատիժը լրիվ կրելով, 2-ը՝ ծանր հիվանդության հիմքով, 1-ը՝ համաներմամբ), իսկ կալանքից՝ 18 կալանավորված անձ:
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով ՔԿՀ-ներում պահվող անձանց շրջանակում ըստ անհրաժեշտության իրականացված թեստերի պատասխանները բացասական են․ ներկայում ազատությունից զրկված որևէ անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։
Ավելի վաղ նաև տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի աշխատակիցներից հինգի մոտ ախտորոշվել էր COVID-19 և նրանց հետ շփում ունեցած 28 անձինք մեկուսացվել էին։ Նշված բաժնի աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն։
Ամփոփելով վերոգրյալը՝ փաստենք, որ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը վերահսկելի է, կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են: