Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն անդրադարձավ մշակութային նախագծերին՝ նշելով, որ լուրջ աշխատանքներ պետք է տարվեն դրանց փոխակերպման առումով։
«Դրանք պիտի շատ առումներով դառնան առցանց, ձեռք բերեն առցանց տրամաբանություն, և բոլոր այն նախագծերը, որոնք այս ընթացքում կունենան այդ հնարավորությունը, բնականաբար կլինեն ամենակենսունակ նախագծերը։ Բազմաթիվ նախագծեր արդեն իսկ տեղափոխվում են թվային տիրույթ»,- նշեց Արա Խզմալյանը։
Փոխնախարարը նշեց, որ արդեն հայտարարված է երկրորդ դրամաշնորհային մրցույթը, և բոլոր դիմողներին կոչ արեց մտածել ու նախագծել այնպես, որ մշակութային նախագծերը հնարավոր լինի իրագործել նաև առցանց ձևաչափով, որովհետև դեռ որոշակի անորոշություն կա ճգնաժամի հաղթահարման ժամանակի առումով։
«Ճգնաժամը ցույց տվեց, որ մենք լրջագույն անելիք ունենք անելու թվային տիրույթում մշակույթը դիրքավորելու տեսակետից։ Մենք պետք է ունենանք լավագույն ներկայացումների պրոֆեսիոնալ և լավագույն տեսագրություններ, դրանց հեռուստատեսային ձևաչափի ադապտացիաները։ Լրջագույն աշխատանքը դեռ առջևում է։ Ճգնաժամը աշխատանքներն ու փոփոխությունները արագացնում է։ Սա մարտահրավեր է մշակույթի ոլորտին նորոգելու սեփական դեմքը, նորոգելու կառավարման մոդելներն ու տրամաբանությունը, նորոգելու հանդիսատեսի իրենց ընկալումը։ Մենք դեռ լուրջ աշխատանք ունենք վերլուծելու ու հասկանալու հանդիսատեսի այս առցանց հետաքրքրությունը մշակույթի հանդեպ»,- նշեց փոխնախարարը։