ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրել են Հայաստանի սահմանային անցակետերով մեր երկիր օտարերկրացիների մուտքի արգելքի վերաբերյալ կառավարության որոշման մասին:
«Ապրիլի 3-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունվել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում, որի համաձայն արգելվում է սահմանային անցակետերով օտարերկրացիների մուտքը Հայաստան՝ անկախ ժամանման վայրից: Փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսային վարակի աշխարհագրական տարածումն այլևս չի սահմանափակվում համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրներով և ներառում է աշխարհի գրեթե բոլոր երկրները (տարածքները)։
Ըստ վերոնշյալ որոշման` յուրաքանչյուր անձի, ով չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, ինչպես նաև չունի ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք, արգելվում է ՀՀ սահմանային անցակետերով մուտք գործել երկրի տարածք՝ արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում:
Բացառություն են կազմում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչները, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև Պարետի որոշումներով մուտքի իրավունք ունեցող կամ նրա կողմից առանձնահատուկ դեպքերում թույլտվություն ստացած անձինք:
Անցակետով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անձինք ենթարկվում են անհապաղ հատուկ զննության՝ վարակի առկայության կամ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո բոլոր անձինք ենթակա են պարտադիր ինքնամեկուսացման, եթե ախտանշանների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ: Անցակետով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից, ինքնամեկուսացումից և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներից անձանց հրաժարվելու դեպքում կարող է սահմանափակվել նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով»,- տեղեկացրել են ԱԳՆ-ից: