ՄԻՊ-ն իր տարեկան զեկույցում արձանագրել է, որ նախկինում ընտրական իրավունքի խախտումները համակարգային բնույթ են կրել, մինչդեռ հիմա հանրային իշխանություն է, որի հիմքում քաղաքացիների բարձր վստահությունն է:
«Նախկին տարիներին Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում էր տեղական և համապետական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած տարաբնույթ խախտումներ կամ արատավոր երևույթներ, որոնք տեղ են գտել նաև նախորդ տարիներին հրապարակված հաղորդումներում: Նախընտրական հատվածում և ընտրությունների օրերին դիտարկվում էին համակարգային բնույթ կրող այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք էին՝ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին, լրագրողների ու դիտորդների աշխատանքների խոչընդոտները և այլն: Թեև 2019 թվականին համապետական ընտրություններ տեղի չեն ունեցել, սակայն տեղական մակարդակում տեղի ունեցած ընտրությունների ընթացքում չեն բարձրաձայնվել լրագրողների ու դիտորդների աշխատանքները խոչընդոտելու համակարգային դեպքեր ու խախտումներ և այլն: Վերջինս բնականաբար 2018 թվականին համապետական և տեղական մակարդակներում անցկացված ընտրությունների ժամանակ առկա վիճակի տրամաբանական արգասիքն Է: Միայն այսկերպ կարող է երկրում շարունակաբար ամրապնդվել ժողովրդավարությունը: Ժողովրդավարական նման զարգացումները բնականորեն տանում են այնպիսի հանրային իշխանություն, որի հիմքը քաղաքացիների բարձր վստահությունն է»,- նշված է զեկույցում:
Նա անդրադարձել է նաև 2017 թ. ԱԺ ընտրություններում մանկավարժներին քաղաքական գործընթացներում ապօրինի ներգրավելու դեպքերին:
«Մարդու իրավունքների պաշտպանը անհրաժեշտ է համարում հատուկ նշել, որ առհասարակ, 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններից առաջ արձանագրված խախտումների, այդ թվում՝ քրեորեն հետապնդելի արարքների կապակցությամբ հարուցված քրեական վարույթները պետք է մինչև վերջ ստանան բացահայտում: Անհրաժեշտ է պարզել այդպիսի գործերով բոլոր հանգամանքները և երաշխավորել դրանցով քրեական պատասխանատվության լիարժեք իրացումը դրանք հաստատվելու դեպքում: Խոսքը վերաբերում է բոլոր գործերին՝ սկսած դպրոցների տնօրեններին և մանկավարժական կոլեկտիվներին ապօրինի գործընթացների մեջ ներգրավելուց մինչև լրագրողների ու դիտորդների աշխատանքի խոչընդոտներ (օրինակ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության տարածած ձայնագրությունները): Միայն այդկերպ է հնարավոր վերացնել այդպիսի արատավոր երևույթների հավանականությունը հետագայում և ընտրական իրավունքների պաշտպանությունը Հայաստանում դնել ամուր հիմքերի վրա՝ ինստիտուցիոնալ առումով որևէ հետնահանջ արձանագրված ձեռքբերումներից չունենալու համար»,- շեշտել է ՄԻՊ-ը: