ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ հեռավար կրթության մեթոդական կարգավորման գործընթացում մի շարք ուղեցույցներ են մշակվել ծնողների, աշակերտների և ուսուցիչների համար։ Ըստ նրա, գործարկվել է էլեկտրոնային մատյան, որը հնարավորություն է տալիս արձանագրել, թե ինչպես են իրականացվում հեռավար դասերը առանձին դպրոցներում, ինչ աշխատանք են կատարում ուսուցիչները։ Ժաննա Անդրեասյանի խոսքով, մատյանը գործարկվել է մարտի 26-ից, և այժմ արդեն ուսուցիչների 80 տոկոսն այնտեղ գրանցված է։ Մարզերից ստացած տեղեկություններով էլ՝ հեռավար կրթության գործընթացում արդեն ավելի քան 80 տոկոս աշակերտական մասնակցություն կա։
Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի միջոցով վերապատրաստման արագացված դասընթացներ են կազմակերպվել ուսուցիչների համար։ Դրանք իրականացվել են Արցախի և Հայաստանի ուսուցիչների համար։ Իրականացվել է նաև նախագծային ակտիվ ուսուցում։
«Ուզում եմ հատուկ շեշտել ուսուցիչների շատ ակտիվ համագործակցության մասին Իթվինինգ հարթակում, որում մենք ունենք բազմաթիվ նախագծեր 324 ուսուցիչների ու 3600 աշակերտների մասնակցությամբ։ Այստեղ ունենք դեպքեր, երբ ուսուցիչը դասընթաց է իրականացնում շրջակա մի շարք գյուղական համայնքների աշակերտների համար, կամ միավորվում են տարբեր մարզերի ուսուցիչներ և համատեղ դասընթացներ են կազմակերպում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ ունեն նոր համագործակցություն, հեռահաղորդակցության ոլորտի մի քանի ընկերությունների հետ ձեռք են բերել համաձայնություն։ Կրթական ծառայություններից օգտվելու համար կլինի կապի համար մատչելի սակագին։ Արդեն այդ ծառայությունները հասանելի են «Վիվասել» ընկերության կողմից, իսկ առաջիկա օրերին հասանելի կլինեն նաև «Յուքոմի» և «Բիլայնի» բաժանորդների համար։