Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով:
Ավետման տոնը աշխարհի Փրկչի Ծննդյան ցնծալի ավետիսն է Սուրբ Մարիամին, ով հավատավոր հոգով ու առաքինազարդ վարքով մարդկության համար մշտավառ օրինակ է առ Աստված խորին հնազանդության և մեծագույն սիրո։ Սուրբ Կույսի աստվածսիրությունը, նրա մայրական պայծառ կերպարը մշտաբուխ ներշնչման աղբյուր են դարձել քրիստոնյա կանանց, բարեպաշտ հայուհիների համար, ովքեր իրենց հերոսական առաքելությամբ ընտանյաց սյունն են, զավակներին որպես ազգի ու Եկեղեցու արժանավոր անդամներ դաստիարակողը, տարբեր հանձնառություններով հասարակության ու պետության կյանքի առաջընթացին բարի ու ազնիվ նպաստ բերողը:
Սիրելի մայրեր ու դուստրեր, ներկայիս դժվարին և բարդ պայմաններում, երբ աշխարհը դիմագրավում է համավարակի փորձությանը, առավել ուշադրություն ու հոգատարություն ցուցաբերեք ձեր ընտանյաց անդամներին՝ այս դժվարին իրավիճակը հաղթահարելու համար։ Մարդկության և մեր ժողովրդի բարօրության, ապահովության, խաղաղության համար մեր Սուրբ Եկեղեցու աղոթքներին միախառնեք ձեր սրտաբուխ աղոթքը, որը Ձեր ամուր հավատքի և առ Աստված սիրո ու ապավինության շնորհիվ լսելի պիտի լինի Բարձրյալի կողմից՝ Իր փրկարար շնորհները, ամենաբուժիչ զորությունն ու ողորմությունը հեղելու աշխարհի վրա։
Շնորհազարդ այս օրը ի խորոց սրտի Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությունն ենք հայցում մեր ողջ ժողովրդին և ձեզ ու ձեր ընտանիքներին, որպեսզի Տիրոջ օրհնության ներքո ապրեք խաղաղության մեջ, լինեք քաջառողջ ու երջանիկ և շարունակեք ձեր հոգու սիրով ու ջերմությամբ շինություն բերել մեր երկրին և պայծառություն՝ հոգևոր ու ազգային մեր կյանքին:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներն ու սերը թող լինեն ամենքիդ հետ. ամեն»,- ասված է Կաթողիկոսի ուղերձում: