Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։
Ապրիլի 7-ին՝ ժամը 09.00-15.00-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 7-ի ժամը 15.00-ը՝ 6982 անձի նկատմամբ, 2759-ը՝ մայրաքաղաքում, 4223-ը՝ մարզերում։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ծառայություն են իրականացնում նաև բանկերի, սուպերմարկետների և այլ հաստատությունների հարակից տարածքներում, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ։ Հերթի մեջ գտնվող քաղաքացիներին ոստիկանները հորդորում են միմյանց միջև պահպանել տարածություն։
Ոստիկանությունը բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով պարետի որոշմամբ սահմանված պահանջները։