Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգոր Մարտիրոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, անդրադառնալով Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքին, նշեց․
«Ապրիլի 6-ին թեստավորվել է, անմիջապես փորձանմուշն ուղարկվել է Հայաստանում գործող համապատասխան լաբորատորիա, և այսօր Արցախի տվյալ քաղաքացու փորձանմուշի դրական արդյունք է եղել»,- ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, որ այդ անձն արդեն գտնվում էր մեկուսացած վիճակում, իսկ նրա հետ շփում ունեցած անձանց շրջանակը շուրջ 17 հոգի են։ Նրա խոսքով՝ նրանք ինքնամեկուսացվել են, հսկողություն է սահմանվել։
Հաշվի առնելով, որ տվյալ քաղաքացին ապրում է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, որը փոքրիկ գյուղ է, ռիսկի նվազեցման համար որոշում են կայացրել գյուղի բոլոր բնակիչների համար սահմանել ինքնամեկուսացման ռեժիմ։ Վստահ են, որ այդպես կփորձեն սահմանափակել վարակի աղբյուրը։
Գրիգոր Մարտիրոսյանը նշեց, որ համայնքի բնակիչները կապահովվեն սննդով և անհրաժեշտ պարագաներով։
ԱՀ պետական նախարարը նաև նշեց, որ առողջապահության համակարգը գործել է շատ օպերատիվ։ Շտապօգնության մեքենայով վարակված անձը տեղափոխվել է Հայաստան՝ Երևանում բուժում ստանալու։ Հաշվի են առել, որ անձը 60 տարեկանից բարձր է և ռիսկային խմբում է գտնվում։
ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն էլ նշեց, որ կոնտակտավորների շրջանակը պարզելուց հետո այցելել են համապատասխան ստորաբաժանման մասնագետները և բոլոր կոնտակտավորների բնակարաններում իրականացրել ախտահանման միջոցառումներ։ Հորդորել են խուճապի չմատնվել և հետևել խորհուրդներին։ Տեղեկացրեց, որ հակահամաճարակային կենտրոնի մասնագետները ոստիկանության և անվտանգության ծառայողների հետ գտնվում են Միրիկ գյուղում և իրենց գործառույթներն են իրականացնում։