Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց, որ զգուշավոր լավատեսությունը պահպանվում է, երեկվա համեմատ այսօր դեպքերը փոքր-ինչ շատ են։ Այսօր արձանագրվել է 20 նոր դեպք, դուրս գրվածների թիվն էլ առաջին անգամ գերազանցել է վարակվածների թվին։ Ապաքինվել է 25 մարդ։ Վարչապետը նշեց, որ ի տարբերություն երեկվա թեստեր ավելի քիչ են արվել՝ 211 թեստ։
«Առողջապահության նախարարությունը և պարետատունը կարծում են, որ երեկվա մեր գնահատականը շարունակում է պահպանվել։ Պահպանում ենք զգուշավոր լավատեսությունը։ Մեր առաջիկա մարտավարությունը հետևյալն է. առողջապահության նախարարությունը պետք է ամեն ինչ անի, որ օրը 1000 հետազոտության հասնենք։ Պետք է ասեմ, որ առողջապահության համակարգի լարվածությունը մի փոքր թուլացել է, ադապտացվել են իրավիճակին»,- նշեց վարչապետը։
Վարչապետը կրկին նշեց, թե այս վիճակագրությունը հուշում է, որ հնարավոր է՝ սահմանափակումների քաղաքականությունն արդյունավետ է, և խնդրեց այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ ու լրջությամբ պահել սահմանափակումները, որ կարողանան ռեժիմի թուլացման քաղաքականություն սկսել երկուշաբթի օրվանից՝ եթե վիճակագրությունը հնարավորություն տա։