«Մի շարք ուղղություններով քայլեր ենք ձեռնարկել կրթության շարունակականության ապահովման համար։ Քայլերը հիմնականում ուղղված են եղել հեռավար կրթության հասանելիության բարձրացմանը, անհրաժեշտ բովանդակության պատրաստմանը և ուսուցիչների աջակցությանը, մեթոդական կարգավորմանը»,- այս մասին տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրեց, որ բովանդակային առումով համագործակցել են Հանրային հեռուստաընկերության հետ, որի շրջանակում ամեն օր առավոտյան 8։30-ից եթերում են հանրային դասերը:
Նախարարի տեղակալը նաև ներկայացրեց, որ 11։30-12։40-ը Առաջին ալիքի եթերի հանրային դասերի առանցքում բնագիտական առարկաներն ու մաթեմատիկան են ավագ դասարանների համար։ Նշեց՝ զուգահեռ պատրաստվում են թեմատիկ պլաններին համապատասխան տեսադասեր, որոնք արդեն 95-ն են և հասանելի են Հայկական կրթական միջավայրի Յութուբի էջում, նախարարության Ֆեյսբուքի էջում և հեռահաղորդակցության ընկերությունների համագործակցության շրջանակում նրանց տրամադրած տարածքներում, «Յուքոմ», «Բիլայն», «Ռոստելեկոմ» ընկերությունների բջջային հավելվածներում: Թվային հեռուստատեսության «Յութուբով» դրանք կարող են դիտել ու անվճար բեռնել։
Ժաննա Անդրեասյանը նաև նշեց, որ տեսադասերը հասանելի են մարզային հեռուստաընկերությունների եթերում, ինչը թույլ է տվել ապահովել ավելի լայն լսարան։ Տեղեկացրեց, որ այս տարվա մարտի 29-ից Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան 114-րդ ավագ դպրոցում ընդունում են համակարգչային սարքավորումներ, արդեն իսկ հավաքվել է շուրջ 600 համակարգիչ, պլանշետ, հեռախոս, որոնք տրամադրվել են մարզերին։