Մայրության և գեղեցկությանը օր՝ ապրիլի 7-ին, Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին նշում է Սբ. Մարիամ Աստվածածնի Ավետումը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ՝ Սբ. Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր։ Տոնն անշարժ է, այսինքն՝ միշտ տոնախմբվում է ապրիլի 7-ին։
1lurer.am-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը մեկնաբանեց տոնի խորհուրդը։
«Գաբրիել հրեշտակի կողմից Սբ. Մարիամին Փրկչի Ծննդյան ավետման մասին պատմվում է միայն Ղուկասի Ավետարանում: Ըստ ավանդության՝ Գաբրիել հրեշտակը Սուրբ Մարիամին հայտնվում է այն ժամանակ, երբ նա կարդում էր Եսայու մարգարեության այն հատվածը, որում խոսվում է Կույսից Էմմանուելի ծննդյան մասին, և մտածում էր, թե ո՛վ է արդյոք լինելու այդ երանելի Կույսը: Հրեշտակը ողջունում է Սբ. Մարիամին և հայտնում. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև Նա, որ քեզանից է ծնվելու, Սուրբ է և Աստծո Որդի կկոչվի»: Սուրբ Մարիամը չէր կարող չկանխատեսել այն չարչարանքներն ու տառապանքները, որ հասնելու էին իրեն, սակայն նա, իր արարքով մարդկությանը աստվածային կամքին հնազանդության հրաշալի օրինակ ցույց տալով, ասաց. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»: Եվ Սբ. Կույսի հղիությունն էլ սկսվեց հենց այն պահից, երբ նա արտաբերեց այս խոսքը»,- ասաց տեր Վահրամ քահանան։
Քահանան նաև նշեց, որ ավետարանական այս պատմությունը մեծապես արժևորում է մայրությունը և ընդհանրապես բարձր գնահատում կնոջ դերը մարդկության կյանքում: Տեղեկացրեց նաև, որ ամեն տարի ընդունված է եղել ապրիլի 7-ին եկեղեցիներում Սբ. Պատարագ մատուցել։ Կատարվել է նաև մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ, սակայն այս տարի կարգը չի կատարվի համավարակի սահմանափակումների պատճառով։