Լոռու մարզի դատախազությունում կատարված՝ քրեական գործի նախաքննության օրինականության ստուգմամբ պարզվել է, որ Ալավերդի համայնքին պատկանող՝ Կախոյան փողոցում գտնվող պատկերասրահի տարածքի նկատմամբ, առանց իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի, գրանցվել է այլ անձի սեփականության իրավունքը, որի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
Մասնավորապես, 2018 թ. դեկտեմբերին «Հետք» էլեկտրոնային թերթի թղթակիցը ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել առ այն, որ լրագրողական հետաքննության արդյունքում պարզել է, որ «Հայաստանի ազգային պատկերասրահի» Ալավերդու մասնաշենքը հանդիսացել է Ալավերդի քաղաքի սեփականությունը, որը, կատարված կեղծիքների արդյունքում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով հանձնվել է «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ի սեփականությանը:
Դեպքի առթիվ 2018 թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1997 թ. մարտի 14-ին, ՀՀ Կառավարության թիվ 51 որոշմամբ Կախոյան փողոցում գտնվող կահույքի նախկին թիվ 18 խանութի շենքը, որը վերածվել էր ցուցասրահի, սեփականության իրավունքով հանձնվել է Ալավերդի քաղաքային համայնքին:
Մինչ այդ՝ 1996 թ. դեկտեմբերի 30-ին, «Հայէկոնոմբանկ» ՓԲ ընկերության Թումանյանի մասնաճյուղի կողմից հայցադիմում է ներկայացվել Վանաձոր քաղաքի ժողդատարան՝ Ալավերդու Քաղառի կողմից 41.392.000 ՀՀ դրամ գումար պարտքը չմարելու համար Քաղառին սնանկ ճանաչելու պահանջով: 1997 թ. հունիսի 19-ին Վանաձորի քաղաքի ժողդատարանի որոշմամբ Ալավերդու Քաղառը ճանաչվել է սնանկ:
1997 թ. օգոստոսի 8-ին դատարանի կողմից որոշում է կայացվել Ալավերդու Քաղառի գույքն ուղղակի գործարքով և աճուրդով վաճառելու մասին:
1997 թ. օգոստոսի 11-ին սնանկության կառավարիչը դատարանին տրամադրել է Ալավերդու Քաղառի լուծարանային հանձնաժողովի կողմից վաճառվող օբյեկտների ցանկի և վաճառքի նախնական գների վերաբերյալ տեղեկատվություն, որոնց թվում՝ նաև պատկերասրահի տարածքը, որի նախնական գին է սահմանվել 5.000.000 ՀՀ դրամը:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 1999 թ. ապրիլի 23-ի որոշմամբ Կախոյան 7 հասցեում գտնվող թիվ 18 խանութը, ի թիվս այլ օբյեկկտների, պարտքի դիմաց հանձնվել է «Հայէկոնոմբանկ» ՓԲ ընկերության Թումանյանի մասնաճյուղին:
Մինչդեռ Ալավերդի համայնքի երկու ղեկավարները ոչ 1997 թ. և ոչ էլ 1999 թ. որևէ առարկություն չեն ներկայացրել պատկերասրահի տարածքի վաճառքի օրինականության վերաբերյալ՝ այն դեպքում, երբ ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշմամբ այդ հասեցում գտնվող թիվ 18 խանութի բաղկացուցիչ մաս կազմող Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաշենքը հանձնված է եղել Ալավերդի քաղաքի սեփականությանը:
Այսինքն՝ ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ 1997 և 1999 թվականներին Ալավերդի քաղաքի նախկին երկու քաղաքապետները՝ Վ. Լալայանը և Կ. Եսայանը, պատշաճ չեն կատարել իրենց վրա դրված պարտականությունները և հետևողական չեն եղել, որպեսզի համայնքի սեփականությանը հանձնված գույքը չներառվի ու չօտարվի այլ կազմակերպության սեփականություն հանդիսացող գույքերի հետ միասին:
Քրեական գործի նախաքննության ընթացքում վերջիններս դիմումներ են հասցեագրել նախաքննական մարմին՝ ընդունելով, որ այդ հարցում աշխատանքի կատարման նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք և խնդրելով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Այսինքն՝ քննչական մարմնում կատարված նախաքննությամբ հաստատվել է համայնքի օրինական շահերի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու փաստը, հետևաբար քրեական հետապնդումը բացառող վերը հիշատակված հանգամանքների առկայության պայմաններում կայացվել են վաղեմությունն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու որոշումներ:
Սակայն նկատի ունենալով, որ ենթադրյալ հանցագործության հետևանքները չեն վերացվել՝ Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը գրություն է հասցեագրել ՀՀ Ալավերդի համայնքի ղեկավար Ս. Խեչումյանին և Լոռու մարզպետ Ա. Ղուկասյանին: Մարզի դատախազը բարձրացրել է տեղական ինքնակառավարման մարմնում հետագայում նմանատիպ երևույթները բացառելու հարցը:
Միաժամանակ միջնորդագրով դրվել է Ալավերդի քաղաքի Թումանյան 44 և 44/1 հասցեներում (նախկինում Ալավերդի քաղաքի Կախոյան փողոցի 7 հասցեում) գտնվող պատկերասրահի շենքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջով ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հարցը՝ նկատի ունենալով, որ օրենսդրությամբ այդ գործառույթը վերջիններիս իրավասության շրջանակներում է, և նրանք են հանդիսանում պատշաճ հայցվոր: