Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդման մեջ անդրադարձել է Հայաստանում հավաքների ազատության իրավունքին:
«2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցան նախադեպ չունեցող իրադարձություններ: Քաղաքացին հնարավորություն ստացավ իր կամքի ազատ իրացման շնորհիվ ու ժողովրդավարական ճանապարհով հասնել սկզբունքային փոփոխությունների: Կարևորագույն այս իրադարձություններն ակնհայտորեն բարձրացրին քաղաքացու վստահությունը հանրային իշխանության նկատմամբ, ինչն էլ փոխադարձաբար հանգեցրեց հանրային իշխանության հաշվետվողականության բարձրացման: Այս հավաքներն ուշագրավ էին նրանով, որ ուղեկցվում էին հավաքների կազմակերպիչների հավաքների խաղաղ բնույթը չխաթարելու, միմյանց ու ոստիկանության ծառայողների նկատմամբ հարգանք դրսևորելու կարևոր կոչերով ու հավաքների մասնակիցներին ուղղված հորդորներով: 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից գործադրվում էին սահմանադրական կարգավիճակի առավելագույն հնարավորությունները, ինչի շնորհիվ Պաշտպանի հաստատությունը ոչ միայն հանդես եկավ իբրև մարդու իրավունքները և ազատությունները կոնկրետ խախտումների դեպքում պաշտպանող, դրանց ապահովման հարցերը մշտադիտարկող, այլև շատ դեպքերում ստանձնեց իրավունքների խախտումների կանխման, խախտված իրավունքների վերականգնման երաշխավորի և այդպիսով չարաշահումները զսպողի կարևոր դերակատարություն»,- նշված է զեկույցում:
Պաշտպանը հիշեցրել է, որ 2018 թվականի հաղորդման մեջ բարձրացրել էր մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք էին՝ հավաքների մասնակիցների զանգվածային ձերբակալումները, ազատությունից զրկելու ընթացակարգերը և երաշխիքները չպահպանելը, ոստիկանության ծառայողների ինքնության չբացահայտումը քաղաքացու հետ հարաբերվելիս, հատուկ միջոցների կիրառման կանոնները չպահպանելը, ոստիկանության ծառայողների կողմից ոչ բարեկիրթ վերաբերմունքն ու անհամաչափ ուժի գործադրումը և այլն:
«2018 թվականի ապրիլյան հավաքների ընթացքում վեր հանվեցին ոստիկանական գործողությունների լայնամասշտաբությամբ պայմանավորված՝ ոչ բավարար կազմակերպվածության և մարդու իրավունքների երաշխավորման առումով անհատականացված մոտեցման բացակայության համակարգային լուրջ խնդիր»,- նշված է տարեկան հաղորդման մեջ:
ՄԻՊ-ը գնահատական է տվել նաև 2019 թ. ընթացքում ոստիկանության գործողություններին:
«Օբյեկտիվության համար պետք է նշել, որ ոստիկանությունը 2019 թվականի ընթացքում սկսել է գործադրել ավելի ակտիվ միջոցներ՝ ուղղված ոստիկանության ծառայողների կարողությունների, իրազեկման աստիճանի բարձրացմանը (օրինակ՝ պատրաստել է համապատասխան իրազեկող տեսանյութ, իրազեկող այլ նյութեր): Մարդու իրավունքների պաշտպանի և ոստիկանության պետի պաշտոնակատարի միջև տեղի են ունեցել մի շարք քննարկումներ: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2019 թվականի ընթացքում ոստիկանության կողմից Պաշտպանի աշխատանքները խոչընդոտելու որևէ դեպք չի արձանագրվել. արձանագրվել է աշխատանքի կարևոր արդյունքներ ապահովող համագործակցություն»,- արձանագրել է ՄԻՊ-ը: