Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շարունակվում է երեխաների շրջանում պատվաստումների գործընթացը, հատկապես՝ կապույտ հազի, պնևմակոկի դեմ պատվաստումները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված լարված համաճարակային իրավիճակի հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններն աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով՝ ինչպես աշխատանքային օրերին, այնպես էլ ոչ աշխատանքային օրերին, սահմանված հերթապահությունների ժամանակ:
Այս ամենի հետ մեկտեղ, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շարունակվում է 0-2 տարեկան երեխաների շրջանում պատվաստումների գործընթացը, հատկապես՝ կապույտ հազի, պնևմակոկի դեմ պատվաստումները և այլն:
Պատվաստումները կատարվում են առանձնացված, մեկուսացված և անվտանգության բոլոր կանոններին համապատասխանող սենյակներում:
2020 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 3-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից կատարվել է թվով 627 պատվաստում, որից թվով 222-ը՝ կապույտ հազի դեմ»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: