The Telegraph-ը հաշվել է, թե Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները որքան գումար կկորցնեն կորոնավիրուսի պատճառով։ Ըստ անգլիական պարբերականի՝ ակումբները կարող են կորցնել մոտ 1,137 միլիարդ ֆունտ:
Եթե Անգլիայի Պրեմիեր լիգայում մրցաշրջանը չվերսկսվի, հնարավոր է, որ ֆուտբոլային ակումբները հեռարձակման իրավունքի վաճառքից մոտ 762 միլիոն ֆունտ չստանան։ Ակումբները կարող են կորցնել ևս 200 միլիոն խաղերի դադարեցման պատճառով և 175 միլիոն՝ հովանավորման պայմանագրերից:
Ակումբները հեռավար քննարկում են անցկացրել, որի ընթացքում որոշվել է հրաժարվել մրցաշրջանի վերսկսումից մայիսի սկզբին կամ ավելի վաղ։ Մրցաշրջանը չի վերսկսվի այնքան ժամանակ, քանի դեռ կորոնավիրուսի տարածման պատճառով վտանգավոր է մարդկանց համար, և մրցաշրջանի վերսկսումը հնարավոր է միայն կառավարության և առողջապահական համակարգի թույլտվությամբ:
Ակումբները նաև պայմանավորվել են բանակցել իրենց խաղացողների հետ աշխատավարձի 30% կրճատման վերաբերյալ: