Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանելով գնաճի մասին քաղաքացու հարցին, հայտարարել է, թե նախ պետք է արձանագրել այն մարտահրավերները, որոնց այս ճգնաժամի ընթացքում արդեն դիմագրավել է մեր պետությունը։
«Ի սկզբանե ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհի շատ երկրներ ունեին խնդիր՝ ուղղակի ապահովել պարենի գոյությունը խանութներում։ Ոմանք մեր երկրում կանխատեսում էին նույնպիսի «ապրանքային ապոկալիպսիս», որ խանութների ցուցափեղկերը դատարկվելու էին և, փառք Աստծո, դա տեղի չունեցավ»,- նշել է վարչապետն ու արձանագրել, որ 2019-ին և 2020-ի առաջին երկու ամսում Հայաստանում եղել է գնաճային շատ ցածր ֆոն, և ըստ ՄԱԿ-ի Սննդամթերքի համաշխարհային կազմակերպության զեկույցների՝ 2019-ի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գներն աճել էին 6%-ով, մինչդեռ Հայաստանում արձանագրվել էր գնանկում։
Անդրադառնալով վերջին օրերին որոշ խանութներում որոշակի ապրանքատեսակների գնի փոփոխությանը՝ վարչապետը նախ տեղեկացրել է, որ հանձնարարել է ուսումնասիրել դեպքերը, ապա հայտնել՝ այդ թանկացումներն անհանգստացնող են: Ըստ նրա, հնարավոր է՝ դրանք կապված լինեն արտարժութային տատանումների հետ: Փաշինյանն արձանագրել է, որ Կառավարությունը հակաթանկացումային ծրագրեր է մշակել։
«Մենք ԵԱՏՄ շրջանակներում պայմանավորվեցինք։ Շուրջ 600 ապրանքների մաքսատուրքերը 2020-ի հունվարի 1-ից բարձրացել էին, և մենք բանակցեցինք ու այդ մաքսատուրքերը վերադարձրինք նախկին արժեքին։ Շուտով այդ որոշումն ուժի մեջ կմտնի, և մաքսատուրքերը առաջիկա 6 ամիսների համար կիջնեն։ Մասնավորապես, մսի, բրնձի, կարագի, արևածաղկի ձեթի, հնդկաձավարի, բժշկական պարագաների և այլն։ Եկեք չվախեցնենք ինքներս մեզ, որ սով կլինի։ Հայաստանը բերրի, բերքառատ երկիր է, հայ ժողովուրդը աշխատող ժողովուրդ է, և Հայաստանը ունի բավարար պաշարներ»,- վստահեցրել է վարչապետը։