Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հարցերին պատասխանելով՝ անդրադարձավ դատական բարեփոխումներին։
Վարչապետը նշեց, որ Դատական օրենսգրքում տեղի ունեցած համապատասխան փոփոխություններն արդեն իսկ ընդունվել են խորհրդարանում, և նախագահի կողմից ստորագրվելուց հետո կսկսվի դատական բարեփոխումների նոր փուլը։
«Դատական համակարգի բարեփոխումների մի նոր փուլ կթևակոխենք, շատ կարևոր փուլ, որտեղ դատավորների բարեվարքության ստուգում տեղի կունենա, և դատական համակարգի հակակոռուպցիոն քաղաքականությունն ավելի խիստ ռելսերի վրա կդրվի։ Նույնիսկ ճգնաժամից առաջ բոլոր միջազգային զեկույցներում նշվում էր Հայաստանի՝ համաշխարհային մակարդակով շատ բարձր տնտեսական ցուցանիշը, նաև ընդգծվում էր, որ տնտեսական բարեփոխումների և տնտեսական աճի զարգացման հետագա բարեհաջող ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ է կատարել դատաիրավական համակարգի էֆեկտիվ բարեփոխումներ։ Մենք վճռական ենք դատական բարեփոխումները մինչև վերջ տանել, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի թնջուկը լուծել։ Ինչպես հայտնի է՝ այդ կապակցությամբ հանրաքվե է նշանակված»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։