Հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից ես գոհ չեմ՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նշեց, որ վերջերս խորհրդակցություններ են կազմակերպվել, և ինքը մի քանի նոր հանձնարարականներ է տվել։ Վարչապետի խոսքով՝ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որ այս գործերի քննություններն առաջ չեն գնում բավարար չափով։
«Խնդիրը միայն բռնագանձված և բռնագանձվելիք գումարները չեն։ Խնդիրն այն է, որ 2018-ից ի վեր Հայաստանի բյուջեի եկամուտներն ավելացել են 1 միլիարդ 100 միլիոն դոլարով։ Դա օդի՞ց ընկավ։ Դա ստվերի դեմ պայքարն է, դա մենաշնորհի դեմ պայքարն է, դա կոռուպցիայի դեմ պայքարն է, որոնց արդյունքում այդ գումարները վերադարձվել են պետբյուջե։ Կան նաև քրեական գործերով 40 միլիարդ ետ բերված փողեր, բայց որից ես գոհ չեմ։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է»,- նշեց վարչապետը։
Վարչապետն անդրադառնալով քաղաքացու համեմատությանը Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխության» և հայկական «Թավշյա, ոչ բռնի հեղափոխության» հետ՝ նշեց, որ հարևան երկրում տեղի ունեցած հեղափոխությունն ուներ աշխարհաքաղաքական կոնտեքստ, իսկ Հյաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չի ունեցել աշխարհաքաղաքական կոնտեքստ։
«Մենք ունենք գործընկերներ, բայց մենք չունենք հովանավորներ մեր բարեփոխումների համար, և մենք ենք այդպես ցանկացել։ Մենք ասել ենք, որ Հայստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական կոնտեքստ և դրան որևէ արտաքին ուժ չի մասնակցել։ Եվ մենք հատուկ բոլոր ջանքերը գործադրել ենք, որ սա լինի հայաստանյան պրոցես։ Մենք առաջ ենք գնում մեր սեփական տեմպով»,- նշեց վարչապետը։