Կիրակի երեկոյան Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին հատուկ կոչով դիմել է իր երկրի բնակիչներին և Համագործակցության երկրների ժողովուրդներին: Նա շեշտել է կարգապահության կարևորությունը կորոնավիրուսի բռնկման ընթացքում, շնորհակալություն հայտնել Առողջապահության ազգային ծառայությանը և զուգահեռներ անցկացրել պատերազմի հետ՝ հիշելով, թե ինչպես է առաջին անգամ եթեր դուրս եկել 1940 թ. իր քրոջ՝ արքայադուստր Մարգարիտի հետ, և դիմել պատերազմից տուժած երեխաներին:
«Ես ձեզ հետ խոսում եմ ծայրահեղ ծանր պահին, երբ մեր ամբողջ երկրի բնականոն կյանքը խաթարվել է, ոմանք վիշտ ունեցան, շատերը՝ ֆինանսական դժվարություններ, սովորական կյանքում կատարված փոփոխություններն ազդել են բոլորիս վրա»,- ասել է թագուհին: Նա նաև շնորհակալություն է հայտնել այն բրիտանացիներին, որոնք հետևեցին իշխանությունների առաջարկություններին և մնացին տանը:
Էլիզաբեթ թագուհին իր խոսքն ավարտել է լավատեսությամբ. «Լավագույն օրերը կվերադառնան: Մենք նորից կլինենք մեր ընկերների հետ, կրկին կլինենք մեր հարազատների կողքին, մենք նորից կհանդիպենք»:
Թագուհու ելույթը, ի դեպ, հինգերորդը նրա տիրապետության ժամանակ, ձայնագրվել է Վինձորի ամրոցում, որտեղ 93-ամյա միապետը գտնվում է մեկուսացման մեջ: Նկարահանումներն իրականացրել է օպերատորը, որը կրել է պաշտպանիչ հագուստ և պահպանել անհրաժեշտ հեռավորությունը, նկարահանող ամբողջ խումբը եղել է մեկ այլ սենյակում: