Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին, նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում Կառավարությունը կարևոր ծրագրեր է իրականացնում։
Նրա խոսքով, կորոնավիրուսային ճգնաժամի շրջանում էլ Կառավարությունը ոլորտին առնչվող կարևոր որոշումներ է կայացրել, և հիմնականում զրոյացվել են գյուղացիական վարկերի տոկոսները։
Վարչապետը, քաղաքացու հարցին ի պատասխան, նաև նշեց, որ վարկավորման գործընթացը սկսվել է, և այսօր ինքն ահազանգեր է ստացել, որ բանկերի առաջ հերթեր են, ու մարդիկ սոցիալական հեռավորությունը չեն պահպանում։
«Մինչև 1 միլիոն դրամանոց վարկեր են տրվում՝ 0 տոկոս տոկոսադրույքով։ Կառավարությունը հետևում է, երբ այդ 2 միլիարդ դրամանոց պաշարը սպառվի, միջոցներ կներդնենք, որ այս տարի մեր բոլոր հայրենակիցները, որոնք ուզում են ստանալ վարկեր և ունեն համապատասխան վարկային պատմություն, ստանան այդ վարկերը։
Մենք նաև բազմաթիվ այլ ծրագրեր ենք իրականացնում։ Մեր հակաճգնաժամային 2-րդ փաթեթով նույնպես մենք զրոյացրել ենք վարկերը և որոշ դեպքերում խրախուսել ենք, որ խելացի անասնաշենքերի, հակակարկտային կայանների և նմանատիպ ծրագրերի համար 0%-ով վարկեր տրվեն»,- նշեց վարչապետ Փաշինայնը։