Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեններ Քյու Դոնգյուն, Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը և Ռոբերտո Ասեվեդոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ․
«Աշխարհի միլիոնավոր մարդիկ իրենց պարենային անվտանգության և կենսապայմանների ապահովման համար կախված են միջազգային առևտրից։ Մինչ տարբեր երկրներ COVID-19 համավարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներ են ձեռնարկում, հարկավոր է շրջահայաց լինել՝ նվազեցնելու սննդամթերքի մատակարարման վրա այդ միջոցառումների հնարավոր ազդեցությունը կամ համաշխարհային առևտրի և պարենային անվտանգության վրա չնախատեսված հետևանքները։
Իրենց քաղաքացիների առողջության և բարեկեցության պաշտպանությանն ուղղված գործողությունների ձեռնարկման ընթացքում պետությունները պետք է հոգ տանեն, որ առևտրին առնչվող միջոցառումները չխափանեն պարենային ապրանքների մատակարարման շղթան։ Այս խափանումները, այդ թվում՝ գյուղատնտեսության և սննդարդյունաբերության ոլորտի աշխատողների տեղաշարժի սահմանափակումը և պարենային ապրանքների բեռնարկղների սահմանահատման հետաձգումները, հանգեցնում են պահպանման կարճ ժամկետ ունեցող պարենային ապրանքների փչացմանը և պարենային թափոնների ավելացմանը։ Սննդամթերքի առևտրի սահմանափակումները կարող են կապված լինել նաև պարենային անվտանգության վերաբերյալ չհիմնավորված մտահոգությունների հետ։ Եթե այս տարբերակն իրականություն դառնա, այն կարող է սննդամթերքի մատակարարման շղթան խախտել, ինչն առանձնակի ծանր հետևանքներ կունենա բնակչության ամենախոցելի և պարենային առումով անապահով խմբերի համար։
Պարենային ապրանքների հասանելիության հարցում անորոշությունը կարող է արտահանման սահմանափակումների ալիք առաջացնել՝ ստեղծելով սննդի պակաս համաշխարհային շուկայում։ Այսպիսի գործընթացները կարող են փոխել սննդամթերքի մատակարարման և պահանջարկի միջև հավասարակշռությունը՝ հանգեցնելով գների շեշտակի աճի և անկայունության։ Նախորդ ճգնաժամերի փորձը ցույց է տալիս, որ նման միջոցառումները հատկապես վտանգավոր են ցածր եկամուտ և սննդամթերքի պակաս ունեցող երկրների համար, ինչպես նաև բացասաբար են ազդում միջազգային կազմակերպությունների կողմից ծայրահեղ կարիքավորների համար սննդամթերքի ձեռք բերման ջանքերի վրա։
Մենք պետք է կանխենք նման վնասակար միջոցառումների կրկնությունը։ Հենց այսպիսի՛ ժամանակներում է, որ միջազգային համագործակցությունը կենսական նշանակություն է ձեռք բերում։ COVID-19-ի ճգնաժամի պայմաններում բոլոր ջանքերը պետք է ուղղվեն առևտրի հնարավորինս ազատ գործընթացի ապահովմանը՝ սննդամթերքի պակասից ամեն գնով խուսափելու համար։ Նույնքան կարևոր է, որ սննդամթերք արտադրողները և պարենային ապրանքների ոլորտի աշխատողները վերամշակման և մանրածախ առևտրի մակարդակում նվազեցնեն հիվանդության տարածումը և պահպանեն սննդամթերքի մատակարարման շղթաները։ Պետք է շարունակել սպառողներին, մասնավորապես՝ ամենախոցելի խմբերին, իրենց համայնքներում հասանելի դարձնել սննդամթերքը՝ անվտանգության ամենախիստ պահանջների համաձայն։
Մենք պետք է նաև հոգ տանենք, որ սննդամթերքին առչվող առևտրային միջոցառումների, վերջինիս արտադրության ծավալների, սպառման, պաշարների և գների մասին տեղեկատվությունն իրական ժամանակում հասանելի լինի բոլորին: Այս մոտեցումը կնվազեցնի անորոշությունը և թույլ կտա արտադրողներին, սպառողներին, առևտրականներին և վերամշակողներին կայացնելու իրազեկ որոշումներ։ Եվ որ ամենակարևորն է՝ այն կօգնի զերծ մնալ «խուճապահար» գնումներից և սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների պաշարներ կուտակելուց։
Հասել է ժամանակը, երբ պետք է դրսևորենք համերաշխություն, գործենք պատասխանատու կերպով և քայլենք մեր համընդհանուր նպատակին ընդառաջ, որն է՝ մեծացնել պարենային ապահովությունը, սննդամթերքի անվտանգությունը և սնուցումը, ինչպես նաև ապահովել աշխարհի ժողովուրդների համայն բարեկեցությունը։ Մենք պետք է հոգ տանենք, որ COVID-19-ի մեր պատասխան քայլերն ակամա չնպաստեն առաջին անհրաժեշտության ապրանքների անհիմն պակասի, սովի և թերսնման հիմնախնդրի սրմանը»,- ասված է հայտարարության մեջ։