Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով անպատիժ մնացող կեղծ լուրերին, նշեց, որ դրանց մի մասը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, մյուս մասը անձնական բնույթի են։
«Այս տարի ունեցանք Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին կեղծ օգտատիրոջ տարածած լուր, որը լայնորեն օգտագործվեց Ադրբեջանի կողմից և օգտագործվեց Իրանում հակահայկական քարոզչություն անելու համար։ Այդ դեպքում քրեական գործ հարուցվեց, և լուրի հեղինակը ձերբակալվեց»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ կեղծ լուր է տարածվում նաև, թե ինքը, իբր, նամակ է գրել ՆԱՏՕ-ի ղեկավարին։ Վարչապետն ընդգծեց, որ նման դեպքերում խնդրով զբաղվում են իրավապահները։
Նիկոլ Փաշինյանը, խոսելով իր ընտանիքի վերաբերյալ ծաղրանկարներին, ասաց, որ ծաղրանկարի համար պատժել չի կարելի․ դա ժողովրդավարության ոտնահարում կլինի։ Վարչապետը նշեց, որ ուրախ է, քանի որ քաղաքացիներից շատերն այդ բովանդակությունը չեն կիսում և երջանիկ չեն այդ բովանդակությունից։ Ասաց՝ դա նշանակում է՝ քաղաքացիների ու Կառավարության միջև վստահություն կա։
Վարչապետն առաջարկեց մտահոգ քաղաքացիներին՝ որպես օգտատեր որոշակի միջոցառումներ ձեռնարկել։
«Օրինակ՝ կարող եք ֆեյք կամ ոչ ֆեյք էջերը, որոնք, ձեր կարծիքով, կեղծ լուրեր են տարածում, ուղղակի արգելափակել ձեզ համար։ Կարող եք հրաժարվել այն լրատվամիջոցներից, որոնք ձեզ համար ակնհայտ է, որ սուտ լուրեր են տարածում»,- ասաց Փաշինյանը։