«Ոչ միայն հանքարդյունաբերության, այլև տնտեսության զարգացման ռազմավարության մեջ մեր պատկերացումն էր, որ ՀՀ-ն պետք է, որտեղ հնարավոր է, լինի պատրաստի արտադրանքի երկիր և ոչ թե հումք մատակարարող երկիր։ Մենք նպատակադրված ենք, որ մեր երկրում նաև մետալուրգիա լինի, և մշակող արդյունաբերությունը զարգանա։ Ես կարող եմ ասել, որ անցած տարվա տվյալներով՝ շատ կարևոր ցուցանիշ արձանագրեցինք։ 2019 թվականի տվյալներով՝ մենք վերջին տասնամյակի համար աննախադեպ բարձր տնտեսական աճ ունեցանք։ Մշակող արդյունաբերությունը դարձավ մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղը»,- ասաց վարաչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս:
Անդրադառնալով նախագծերին, որոնք վերաբերում են ձուլարան մետալուրգիական ձեռնարկություններ ստեղծելուն՝ վարչապետը նշեց՝ կռահում է, որ կլինեն բնապահպանական բանավեճեր։ Մենք բնապահպանությունը չենք հակադրում տնտեսության զարգացմանը։
«Մենք կարծում ենք, որ մեր տնտեսությունը, արդյունաբերությունը պիտի զարգանան՝ հաշվի առնելով այն բնապահպանական կանոնները, որոնք գոյություն ունեն ժամանակակից աշխարհում»,- ընդգծեց վարչապետը։
Ճգնաժամը հաղթահարելուն միտված կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերին անդրադառնալով՝ վարչապետը նկատեց, որ խնդիր է դրված այս տարի հնարավորինս արագ ու մեծ ծավալով իրականացնել կապիտալ ներդրումներ, որոնք ամենաշատ աշխատատեղ ստեղծող ներդրումներն են։ Երկարաժամկետ առումով հիմնական ներդրումը պետք է լինի մարդկային ռեսուրսի զարգացումը։