«Չեմ ասում, որ ընտրությունները կատարյալ էին, և կամ որևէ ընտրախախտում չի եղել։ Հարցն այն է, թե այդ ընտրախախտումներն ինչքանով են ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների մասին հարցին ի պատասխան՝ նշեց վարչապետ Փաշինյանը: Նրա կարծիքով՝ Արցախում տեղի ունեցած ընտրություններն արտահայտում են ուժերի այն հարաբերակցությունը, որ այսօր կա հայկական երկրորդ հանրապետությունում։
«Եթե խոսքը կեղծիքների մասին է, նախագահի թեկնածուներից Արայիկ Հարությունյանին առաջին փուլում հաղթանակ արձանագրելու համար չի հերիքել մի քանի հարյուր ձայն։ Եթե ընտրությունները կեղծվում են, որևէ կեղծող մեքենա 600 ձայնի առաջ կկանգնի՞։
Խորհրդարանական ընտրություններում երկրորդ և երրորդ տեղերը գրավել են ընդդիմադիր ուժերը։ Հայաստանում դուք ընտրությունների կեղծման ժամանակաշրջանում երբեք այսպիսի բան չէիք տեսնի։ Եթե կեղծում են, ինչո՞ւ են այնպես կեղծում, որ ընդդիմությունը, բավական կոշտ ընդդիմությունը, գրավում է երկրորդ և երրորդ տեղերը։ Եթե կեղծեին, այնպես կկեղծեին, որ իշխանությանը լոյալ ուժերը կգրավեին առնվազն երկրորդ տեղը, և դրանով շատ հարցեր կլուծվեին»,- նշեց վարչապետն ու հավելեց, որ բնավ չի կարծում, թե ընտրությունները կատարյալ են եղել։