ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ Հայաստան ներմուծվող բժշակական ապրանքների ցանկն ընդլայնվել է։
«Մարտի 16-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից որոշում է կայացվել, որով կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում որոշ բժշկական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են։ Ապրիլի 3-ին այդ որոշման մեջ ևս մեկ փոփոխություն կատարվեց, և ցանկն ընդլայնվեց։
Ցանկը վերաբերում է բժշկական նշանակության ապրանքներին, ինչպես նաև դեղորայքի արտադրության մեջ կիրառվող նյութերին։ Ցանկը դրված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում»,- ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալը։
Վարոս Սիմոնյանը տեղեկացրեց, որ ներմուծման ժամանակ այդ ապրանքների հետ կապված՝ տնտեսվարողը համապատասխան դիմում-հայտ պետք է ներկայացնի Առողջապահության նախարարություն, և դրական եզրակացություն ստանալու պարագայում ապրանքները կներմուծվեն ՀՀ 0-ական մաքսատուրքերով։
«Ցանկում առկա են գրեթե բոլոր բժշկական սարքավորումները, հումքատեսակները, որոնք անհրաժեշտ են դեղորայքի արտադրության համար։ Ցանկում ներառված ապրանքատեսակների հետ կապված ժամկետը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը»,- ասաց Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով՝ ապրիլի 3-ին ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվել է և շուտով կհրապարակվի որոշում այն զգայուն ապրանքների վերաբերյալ, որոնց ներմուծման մաքսատուրքերը 3 ամիս ժամկետով կզրոյացվեն։ Որոշումը կգործի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ։ Խոսքը, օրինակ, կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի և այլ ապրանքատեսակների մասին է։