ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հրավիրված ասուլիսին տեղեկացրեց, որ մարտի 31-ին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի ընդունած որոշմամբ՝ երեք ամսով՝ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը, արգելվել է որոշ ապրանքատեսակների արտահանումը Եվրասիական տնտեսական միությունից։
Վարոս Սիմոնյանը նշեց, որ խոսքը առաջին անհրաժեշտության պարենային ապրանքատեսակների մասին է։ «Այս սահմանափակումը երեք ամիս ժամկետով է, բայց այն գործում է ընդամենը ԵԱՏՄ տարածքից դուրս։ Այսինքն՝ ԵԱՏՄ անդամ երկրները եթե ներմուծում են ապրանքատեսակները, որոնք ցանկում կան, դրանց վրա արգելք չի դրվում։ Արգելքը չի տարածվում նաև հումանիտար օգնության, բեռների փոխադրման, հումանիտար ձևով երրորդ երկիր արտահանելու դեպքում»,- ասաց Սիմոնյանը։