Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Արարատի մարզի ներկայացուցիչների հետ, որոնք մարզպետարանին են հանձնել եռաչափ տպիչով իրենց պատրաստած 80 պաշտպանիչ դիմավահան՝ մարզի բուժաշխատողներին հանձնելու համար։ Հանդիպման մասին հայտնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը: Տեղեկատվության մեջ նշվում է նաև, որ միջազգային չափանիշներին համապատասխան դեմքի պաշտպանիչ վահանների արտադրությունը կազմակերպվել է մարզի խմբավարների միջոցով։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Արարատի մարզի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ և մարզպետարանին հանձնել եռաչափ տպիչներով իրենց պատրաստած 80 պաշտպանիչ դիմավահան, որոնք կտրվեն մարզի բուժհաստատություններին։
Կարևորելով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշակերտների անվտանգությունը՝ այս գործում երեխաներ ընդգրկված չեն։ Միջազգային չափանիշներին համապատասխան դեմքի պաշտպանիչ վահանների արտադրությունը կազմակերպվել է մարզի խմբավարների միջոցով` սանիտարական բոլոր կանոնների պահպանմամբ:
Աշխատանքի համար մարզպետը շնորհակալություն է հայտնել տեխնոհամայնքի աշխատակիցներին՝ կարևորելով վարակի դեմ միասնական պայքարը։
Անհրաժեշտության դեպքում «Արմաթը» կարող է պատրաստել օրական մինչև 1500 պաշտպանիչ վահան։
Ի դեպ, արձագանքելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կոչին՝ այս պահին «Արմաթի» մի շարք մասնագետներ աշխատում են նաև արհեստական օդափոխության սարքի նախատիպերի պատրաստման վրա»,-ասված է հաղորդագրության մեջ: