«Ես ուզում եմ ակնարկել ձեզ մի նորության մասին, որը գաղտնիք է։ Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ։ Այդ նմուշի գոյությունը Հայաստանի Հանրապետությունում վկայում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր համակարգ է դուրս գալիս»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նաև այն հարցին, թե որ փուլում է գտնվում ռազմարդյունաբերական համալիրի կառուցումը, քանի որ նախընտրական շրջանում ասել էր, որ ստեղծվելու են ռազմարդյունաբերական գործարաններ, որտեղ արտադրվելու են զենքեր, բացվելու են աշխատատեղեր։
Փաշինյանն ընդգծեց, որ այդ նմուշը, ոչ միայն գերժամանակակից արտադրանք է, այլև կա առանձնահատկություն, զրոյից հավաքվել է Հայաստանում։
Փաշինյանը նաև նշեց, որ միայն այդ արտադրանքի գոյությունը վկայում է, որ Հայաստանում կան պրոֆեսիոնալներ, մասնագետներ, որոնք կարող են զրոյից ռազմական նշանակության արտադրանք թողարկել։
«Այդ տեսնելով՝ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ մենք պետական պատվեր կիջեցնենք այդ արտադրանքի համար, որպեսզի արտադրությունը նորմալ ընթացքով շարունակվի։ Պայմանավորվեցինք, որ ջանքեր կգործադրենք այդ արտադրանքով կամ մոդիֆիկացված տարբերակով միջազգային շուկա դուրս գալու ուղղությամբ»,- ասաց վարչապետը։