ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ասուլիսի ժամանակ նշել է, որ ապրիլի 6-ի դրությամբ եղել են Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան բեռնափոխադրում իրականացնող 515 տրանսպորտային միջոցների ուղեկցումներ: Փոխոստիկանապետի խոսքով՝ սահմանափակվել է փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների տեղաշարժը երթուղուց դուրս: Բացի դրանից՝ ճանապարհային ոստիկանությունը ուղեկցել է 69 այլ տրանսպորտային միջոցների:
«Նոր կորոնավիրուսի կանխարգելման նպատակով շարունակվում է դեպի Արցախ տանող ավտոճանապարհների կայուն պահակակետերի միջոցով ծառայությունը՝ ժամանակավորապես սահմանափակելով բոլոր անձանց մուտքը Արցախ՝ բացառապես նախօրոք նշվաճ անձանց: Ապրլի 6-ի դրությամբ Արցախ թույլատրվել է մեկնել 1908 տրանսպորտային միջոց, իսկ 575-ի մուտքը արգելվել է»,- նշեց փոխոստիկանապետը:
Մհրյանի խոսքով՝ կայուն պահակակետեր են տեղադրվել նաև 27 մեկուսացման վայրերում, որտեղ ոստիկաններն աշխատում են 24-ժամյա ռեժիմով:
Փոխոստիկանապետը նշեց նաև, որ ոստիկանությունը տնտեսական գործունեություն իրականացնող մի շարք սուբյեկտների իրազեկման աշխատանքներ է կատարել: Շուրջ 2138 իրազեկման թերթիկ է բաժանվել, դադարեցվել է 2164 օբյեկտի տնտեսական գործունեությունը, իսկ 36-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: