Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնեց, որ Արարատի մարզում կորոնավիրուսի վարակման դեպքերի նվազման միտում կա։ Նա նաև Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ նշելով.
«Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 173 վարակակիր, սակայն, հուրախություն բոլորիս՝ նշեմ, որ դեպքերի նվազման միտում կա․ երեկ հաստատված որևէ նոր դեպք չենք ունեցել։
Եթե առաջիկա օրերին դինամիկան այսպիսին լինի, ապա կարող ենք ասել, որ վարակի տարածումը մեր մարզում չեզոքացվել է։ Բայց սա, բնավ, չի նշանակում, որ կարող ենք արդեն լիովին հանգիստ լինել, տեղաշարժման սահմանափակումները շարունակվելու են խիստ ռեժիմով և, եթե մեզանից յուրաքանչյուրն իր քայլերում պատասխանատու լինի, ապա շատ արագ կհաղթահարենք վիրուսն ու քիչ-քիչ կանցնենք մեր բնականոն կյանքին։
Առողջ եղեք»։