«Գազի գինը մշտապես եղել է քաղաքական շահարկումների և մանիպուլյացիաների առարկա»,- գազի գնի մասին քաղաքացու հարցին ի պատասխան՝ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրենք միշտ դա օգտագործել են քաղաքական նկատառումներով՝ հաշվի չառնելով գազային համակարգի զուտ տնտեսական գործունեության անհրաժեշտությունը։ Այսօր, երբ մենք նման իրավիճակների հետ բախվում ենք, նախորդ կառավարությունների վարած անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետևանք է։ Մենք այսօր գազի համակարգի արդյունավետ շահագործման խնդիր ունենք»,- շեշտեց Փաշինյանը։
Վարչապետը տեղեկացրեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից դիմել է «Գազպրոմ» ընկերությանը՝ գազի սակագինը վերանայելու համար։
«Մենք առաջարկել ենք, որ բանակցություններ սկսենք գազի գինը նվազեցնելու ուղղությամբ։ Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ես ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը՝ և՛ հումանիտար առումով, և՛ տնտեսական, ես ակնկալում եմ, որ մենք կկարողանանք այդ թեման քննարկել և գալ ընդհանուր հայտարարի»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ առաջարկել է՝ գազի համար այսուհետ վճարվի ոչ թե դոլարով, այլ ռուբլով։