ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիներին խորհուրդ է տվել նախապատրաստվել ծանր շաբաթի. երկրի որոշ հատվածներում սպասվում է կորոնավիրուսից վարակի գագաթնակետ, գրում է The Washington Post-ը:
«Այս կամ հաջորդ շաբաթը կլինի ամենածանրը, ցավոք, շատ մարդիկ կմահանան»,- ասել է Թրամփը կիրակնօրյա ճեպազրույցի ժամանակ:
Ամերիկայի ղեկավարը, սակայն, լավատեսությունը չի կորցնում: Նա դրական է գնահատել Նյու Յորքի նահանգում մահվան դեպքերի նվազումը:
«Մենք սկսում ենք լույս տեսնել թունելի վերջում: Հուսով եմ, որ մոտ ապագայում կհպարտանանք բոլորիս կատարած աշխատանքով»,- ավելացրել է նախագահը:
Երկրի վարակիչ հիվանդությունների հարցով գլխավոր մասնագետ Էնթոնի Ֆաունըն, սակայն, նույնքան լավատես չէ, որքան նախագահը: Թրամփի ճեպազրույցից որոշ ժամանակ առաջ նա ասել էր, որ բժիշկները «բոլոր միջոցներով փորձում են վերահսկել իրավիճակը»:
Ավելի վաղ ամերիկացի բժիշկները կանխատեսել էին, որ կորոնավիրուսի համաճարակից կմահանա մինչև 240 հազար ամերիկացի՝ հաշվի առնելով նույնիսկ խիստ կարանտինային միջոցառումները:
«Հուսով ենք, որ այդ թվերին չենք հասնի»,- երեկ ասել է Դոնալդ Թրամփը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կիրակի երեկոյան տվյալներով՝ աշխարհում ավելի քան 1,2 միլիոն մարդ է վարակված կորոնավիրուսով, մեծ մասը Եվրոպայում, մահացել է մոտ 64 հազարը:
Իտալիայում և Իսպանիայում, որոնք առավել են տուժել կորոնավիրուսի համավարակի բռնկումից, մահվան դեպքերը նվազում են, ինչը հույս է ներշնչում, որ համաճարակի գագաթնակետն անցել է: