Աշխարհում կորովաիրուսով վարակի դեպքերի թիվն անցել է 1 միլիոն 200 հազարը՝ հայտնում է worldometers-ը։ Նրանցից առողջացել է 246,753 մարդ, մահացել է 64,743 մարդ։
Ըստ կայքի տվյալների՝ աշխարհում վարակակիրների թվով առաջատարը ԱՄՆ-ն է։ Այստեղ գրանցվել է 311 հազարից ավելի դեպք։ Շուրջ 14 հազար մարդ արդեն ապաքինվել է, 8454 մարդ մահացել է։ ԱՄՆ-ում գրանցված դեպքերից 114,775-ը գրանցվել է Նյու Յորքում, 34,124-ը՝ Նյու Ջերսիում։ Հայաշատ Կալիֆորնիայում գրանցվել է 13,929 դեպք։
Աշխարհում երկրորդը Իսպանիան է։ Այստեղ գրանցվել է վարակի ավելի քան 126 հազար դեպք։ Իսպանիայում արդեն ապաքինվել է 34 հազարից ավելի մարդ, այս ցուցանիշով երկիրը երկրորդն է աշխարհում Չինաստանից հետո։ Իսպանիան երկրորդն է նաև զոհերի թվով։ Այստեղ վիրուսից մահացել է 11,947 մարդ։
Իսպանիան զոհերի թվով զիջում է միայն Իտալիային, որը Կորոնավիրուսով վարակված երկրների եռյակն է եզրափակում։ Իտալիայում ընդհանուր առմամբ վարակվել է 124 հազարից ավելի մարդ։ Նրանցից 15,362-ը մահացել են։ Իսկ ապաքինվել է գրեթե 21 հազարը:
Եվրոպական երկրներ Գերմանիան ու Ֆրանսիան հաջորդաբար շարունակում են աղյուսակը՝ ունենալով վարակի համապատասխանաբար 96,092 և 89,953 դեպք։ Ի տարբերություն եվրոպական մյուս երկրների՝ Գերմանիայում վիրուսից մահացության ցուցանիշը ցածր է։ Այստեղ շուրջ 100 հազար վակվածներից մահացել է 1444 մարդ, ապաքինվել՝ 26,400-ը։ Իսկ Ֆրանսիայում համավարակից մահացել է 7560 մարդ, ապաքինվել շուրջ 15,500-ը։
Համավարակի հայրենիքում՝ Չինաստանում, վարակի նվազում է գրանցվում։ Երեկ Չինաստանում գրանցվել էր վարակի 19 նոր դեպք, այսօր՝ 30։ Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է 81,669 դեպք, որից 76,964-ն արդեն ապաքինվել է, իսկ մահացել է 3,329 մարդ։
Ի տարբերություն Չինաստանի՝ Իրանում վարակի դեպքերն օրական ավելանում են մի քանի հազարով, երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է 55,743 դեպք, որից 3,452-ն ավարտվել է մահվան ելքով, իսկ ապաքինվել է շուրջ 20 հազար մարդ։
Թուրքիան, որ երկար ժամանակ վարակակիրների շատ փոքր ցուցանիշ ուներ, այժմ ունի վարակի շուրջ 24 հազար հաստատված դեպք։ Դրանցից մահվան ելքով են ավարտվել 501-ը, իսկ ապաքինվել է 786 մարդ։
Հայաստանի հարևան երկրներից Վրաստանում էլ գրանցվել է 162 դեպք, այստեղ արդեն ապաքինվել է 36 մարդ, մահացել՝ 1-ը։ Իսկ Ադրբեջանում գրանցվել է 521 դեպք, որից՝ 5 մահ, 32 մարդ ապաքինվել է։