ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջով տեղեկացրել է, որ կորոնավիրոուսի դեմ պայքարում մեծ թափով օգտագործվում են տեղեկատվական տեխնոլոգիաները։ Ավինյանը հայտնել է, որ ստեղծվել է նոր հավելված՝ Covid-19 Armenia, որը հնարավորություն կտա գնահատել օգտատիրոջ առողջական վիճակը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ թափով շարունակում ենք օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները և նոր գործիքներով զինվել:
Այսօր ձեզ եմ ներկայացնում Covid-19 Armenia հավելվածը, որը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Ձեզ արդեն ծանոթ AC19 հավելվածի (որը այլևս չի գործելու) տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia:
Հավելվածի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է Ձեր առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս թե ինչ քայլեր ձեռնարկել: Բացի այդ, ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ կհաստատեն պարետատան համաճարակաբանները և կանցկացնեն հարցազրույց, որի արդյունքում կորոշեն թե արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության: Կարևոր է խուսափել սխալ տվյալներ մուտքագրելուց, որպեսզի բժիշկները կապ հաստատեն իրապես օգնության կարիք ունեցողների հետ:
Covid-19 Armenia-ն բազմաֆունկցիոնալ է ու ներառում է նաև վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի մեր գործողությունների վերաբերյալ, առողջապահական խորհուրդներ տարբեր իրավիճակներում վարակից զերծ մնալու մասին, կորոնավիրուսի հետ կապված վերջին վիճակագրությունը և այլն:
Հավելվածում կարող եք լրացնել ու պահպանել այս օրերին անհրաժեշտ տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը:
Covid-19 Armenia-ն հասանելի է
թե՛ Google Play (https://play.google.com/store/apps/details?id=am.gov.covid19)
թե՛ AppStore (https://apps.apple.com/am/app/covid-19-armenia/id1505830061) հարթակներում: