Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնել է առցանց վարպետության դասերի շարք, որոնք վարում են հայտնի երաժիշտներ և պրոֆեսորներ։ Այս շարքի առաջին պարապմունքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին. այն վարել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Իգոր Պետրուշևսկին։ Նա Եվրոպայում ջութակի լավագույն ուսուցիչներից է. Իգոր Պետրուշևսկու սաները միջազգային տարբեր մրցույթների հաղթողներ են, լավագույն նվագախմբերի կատարողներ, անվանի մենակատարներ։
Մեծահամբավ երաժիշտը դասն անցկացրել է սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Եվա Մարկոսյանի հետ, իսկ դասին հետևել են մոտ 70 երաժիշտներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դասին մասնակցելու հնարավորություն է ընձեռել ոչ միայն նվագախմբի անդամներին, այլև երաժշտական դպրոցների, կոնսերվատորիայի ուսանողներին, բոլոր ցանկացող երաժիշտներին։ Վարպետության դասի ընթացքում ջութակահարուհին ներկայացրել է Բախի 2-րդ պարտիտը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշում է, որ առցանց վարպետաց դասերն իրենց կրթական առաքելության մասն են կազմում։ Դրանք լինելու են շարունակական. հայ երաժիշտների համար հնարավորություն են ստեղծելու հանդիպելու աշխարհում մեծ ճանաչում ունեցող արտիստների հետ, ծանոթանալու նրանց մասնագիտական հմտություններին, կատարողական նրբություններին։ Ըստ մաեստրոյի՝ կորոնավիրուսի տարածմամբ պարտադրված համերգային գործունեության դադարը պետք է կարողանալ նպատակային և արդյունավետ օգտագործել, և այս նախաձեռնությունը միտված է հենց դրան։
Վարպետաց դասից մի հատված կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/watch/?v=523930488160049