ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում նշեց, որ փոքր և միջին բիզնեսին աջակցելու աշխատանքներն ընթանում են։ Նախարարը հիշեցրեց, որ աջակցություն են ստանում այն ձեռնարկությունները, որոնք 2019-ի ընթացքում ունեցել են 24-500 միլիոն դրամի շրջանառություն, չեն ունեցել ժամկետանց վարկային և հարկային պարտավորություններ։
Նախարարը նշեց, որ անցած երկու օրվա ընթացքում ստացվել է 120 դիմում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1,4 միլիարդը գերազանցող վարկային պահանջ։
«Այստեղ կա առանձնահատկություն այն տեսանկյունից, որ այդ դիմումները ստանալուց հետո է, որ մենք պարզում ենք՝ այդ կազմակերպություններն ունեցե՞լ են հարկային և վարկային կարգապահություն։ Ստուգում ենք թե՛ ԱՔՌԱ համակարգում, թե՛ Պետեկամուտների կոմիտեում»,- նշեց նախարարը՝ հույս հայտնելով, որ դիմող ձեռնարկությունները նախապես ստուգում են՝ իրենք համապատասխանո՞ւմ են չափանիշներին, թե՞ ոչ, և չեն փորձի նախարարության այսպիսի ծանրաբեռնվածությունն էլ ավելի մեծացնել։
Գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության մասին խոսելիս նախարարը նշեց, որ այն նոր չէ պետական աջակցության տեսանկյունից, բայց նոր է ծավալների առումով։
«Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողները՝ ֆերմերները, կարող են դիմել նաև մինչև 1 միլիոն դրամ միկրովարկավորման համար։ Ունենք նաև առանձնահատուկ հնարավորություն գյուղատնտեսական կոոպերատիվների համար։ 2019-ի ընթացքում մենք ունեցել ենք ավելի քան 9 հազար շահառու, որոնք պետական աջակցության շնորհիվ սուբսիդավորել են ավելի քան 53 միլիարդ դրամ վերցված վարկային կամ լիզինգային միջոցներ։ Դրանց հիմնական տոկոսագումարները վճարվել են պետության կողմից, իսկ այս տարվա ընթացքում վճարվելու են պետության կողմից ոչ թե հիմնականում, այլ ամբողջությամբ»,- նշեց նախարար Խաչատրյանը և վստահություն հայտնեց, որ այս եղանակով պետական աջակցությունից օգտված ֆերմերների քանակը տարվա վերջում կլինի 10 հազար, իսկ վարկային ռեսուրսները՝ առնվազն 60 միլիարդ։